Հայաստանից Լիբանան ուղարկվող օգնության հատուկ չվերթը կկայանա օգոստոսի 8-ին
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Լիբանան ուղարկվող հրատապ օգնության հատուկ չվերթը տեղի կունենա օգոստոսի 8-ին: Այս մասին գործադիրի օգոստոսի 6-ի նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, այսօր երեկոյան կամբողջացնենք ծրագիրը: Մի քանի տարբերակներ են քննարկվում ինքնաթիռի, այսօր օրվա վերջ օգնության չափաքանակն ու տեսակը վերջնական ամբողջական կունենանք: Օրվա վերջում արդեն վերջնականացված կլինեն մեր գրասենյակում քննարկվող տարբերակները և շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի»,- ասաց Ավինյանը:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 11 հայ կա։

