Երբ մի օր փորձեն արհեստական բանականությամբ բացահայտել խազերի գաղտնիքը, սֆինքսը գուցե խոսի…

Սկիզբը` այստեղ

Հայագիտությանն ընդհանրապես ի՞նչ է հայտնի խազերի` հայկական միջնադարյան երաժշտության գրության նշանների վերաբերյալ: Խոսքը սոսկ բառի ծագումնաբանության մասին չէ: Ըստ Հրաչյա Աճառյանի, «խազ» բառը փոխառվել է կովկասյան լեզուներից, և նշանակում է «գիծ, գիր, ձայնագրական նշան, սյունի կամ ձեռքի ակոսաձև գծերը, նետի վարի ծայրի ճեղքը»։ Իսկ գուցե կովկասյան լեզուներն են մեզանից փոխառել…

Ասում են, որ եթե մեկ վանկը մեկ-երկու խազով է արտահայտվել, խազերը գրվել են տողից վերև, և տողում, եթե մեկ վանկի խազերը շատ են եղել։ Հայտնի է նաև, որ խազերի մեջ լայն առումով ընդգրկված են նաև հայերենի առոգանության և տրոհության նշանները: Խազերն իրենցից ներկայացնում են երաժշտական նշանների բարդ ու բաղադրյալ մի համակարգ, որն իր ներսում ունի ևս 3-4 ենթահամակարգ: Ենթադրվում է, որ դրանցից յուրաքանչյուրը ձևավորվել է տվյալ պատմաշրջանի երաժշտական անհրաժեշտությունները բավարարելու համար, հետո հիմք դարձել հաջորդ պատմաշրջանի համար: Ի վերջո, դրանք բոլորը միահյուսվել են իրար և ձևավորել մի բարդ և ամբողջական համակարգ:

Նույն նշանը սկզբնական ենթահամակարգում (երաժշտաառոգանական խազերի համակարգում) ուրիշ բան կարող է նշանակել, ամենաբարդ ենթահամակարգում, ասենք, մանրուսման գրքերում բոլորովին այլ: Մանրուսումը մոտավորապես 12-րդ դարում ձևավորված երաժշտական գիտություն էր (այսօրվա հասկացությամբ` երաժշտության բարձրագույն տեսություն), որն առնչվում էր նաև այլ, հարակից գիտություններին: Եղել են մանրուսման գրքեր կամ ձեռնարկներ (կոչվել են նաև խազ- գրքեր), որոնցում եղած խազերն ամենաբարդն են խազերի բոլոր նիշերի շարքում:

Ավելին. նույն նշանը կարող է մեկ ձայնեղանակում ուրիշ բան նշանակել, մեկ ուրիշ ձայնեղանակում` բոլորովին ուրիշ բան: Այնպես չէ, որ մեկ անգամ բացահայտելուց հետո, կարելի է բացահայտածն ունիվերսալ կիրառել և ամբողջը կարդալ: Բացահայտելուց հետո պետք է գտնել թերևս ամենակարևորը`սկզբունքը, թե որ ենթահամակարգում այն ինչպես էր կիրառվում:

Խազագրությունն ընդգրկել է միմյանց հետ կապված առոգանության և բուն երաժշտական երեք համակարգ։ Խազագրումը ձևավորվել է 8-րդ դարից, գաղափարի ծագումն ու սկզբնական իրականացումը կապվում են Ստեփանոս Սյունեցու անվան հետ, թեև բացառված չէ, որ այն ավելի խորն արմատներ ունենա:

Խազագրության հետագա մշակմանն ու զարգացմանը մասնակցել է 8-րդ դարի հայ գիտնական, հոգևոր երաժշտության երգիչ- կատարող, երաժիշտ-ստեղծագործող Գրիգոր Գռզիկ Այրիվանեցին: Նա աշխատակցել է Ստեփանոս Սյունեցի երկրորդին, երկուսով, գիտական նպատակներով, մեկնել են Աթենք, ուսումնասիրել Աստվածաշունչը և նրա մեկնությունները, ծանոթացել փիլիսոփայության հին ու նոր ուսմունքներին։ Գրիգոր Գռզիկը երկար տարիներ ճգնել է Այրիվանքի մերձակա քարայրներից մեկում, այնտեղ էլ վախճանվել է։ Այրիվանեցու հրաշագործ համարված նրա գերեզմանի վրա կառուցվել է մատուռ։ Նրա ստեղծագործությունները, մշակումներն ամփոփվել են ավելի ուշ կազմված «Մանրուսումն» կամ «Խազգիրք» կոչվող ժողովածուներում։

Խազագրության հետագա մշակման ու զարգացման գործում իրենց ավանդն են ունեցել նաև Անանիա Նարեկացին, Խաչատուր Տարոնացին, Ներսես Շնորհալին, Թովմա Մեծոփեցին, Գրիգոր Խալը, Գևորգ Սկևռացին, Գրիգոր Խլաթեցին և ուրիշներ։

Խազագրությունն ուսումնասիրել են եվրոպական մի շարք գիտնականներ (Շ. Վիլոտո, Հ. Պետերման, Պ. Վագներ, 0ռ. Շրյոդեր, Ֆ. Ֆետիս, 0. Ֆլայշեր և ուրիշներ), սակայն առանց նշանակալի արդյունքի։ Հայերից հետազոտել են Գ. Գապասաքալյանը, Կոմիտասը, որը սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները, վերծանել է առոգանության խազագրությունը (հայտնաբերված հնագույն նմուշը` 9-րդ դար), Ե. Տնտեսյանը, խորհրդային մի շարք երաժշտագետներ, ինչպես նաև մի քանի հետազոտողներ Հայաստանի Հանրապետությունից:

Ենթադրվում է, որ 19-րդ դարի առաջին կեսին դեռևս կային հատուկենտ մարդիկ, որոնք կարողանում էին կարդալ խազերը: Գիտնականների հիմնական մասը դեմ է խազերի խնդիրը ոգեպաշտական, միստիկ դաշտ տեղափոխելուն և համարում է, որ այդ խնդիրը զուտ գիտական հիմնախնդիր է և այն կարելի է լուծել, գոնե տեսականորեն կա լուծման հեռանկար: Իսկ այն, որ մինչև հիմա խազերը վերծանվել են սոսկ մասնակիորեն, պատճառաբանվում է նրանով, որ թե հայազգի, թե օտարազգի խազագետները հետևողական աշխատանք չեն ծավալել տվյալ ոլորտում: Խոսքը մեկ խազագետի, ասենք, Կոմիտասի աշխատանքի մասին չէ, այլ նրա, թե հայերս քանի՞ սերունդ խազագետ ենք աճեցրել, որոնք իրար հետևից, նախորդի վերջացրած կետից փորձել են աշխատել ու բացահայտել, շարունակել ու հասնել մինչև հաջորդ փուլ:

Խազագետների մի քանի սերունդների կողմից փուլ առ փուլ ուսումնասիրություն չի կատարվել: Այս ոլորտում մեր բոլոր տաղանդաշատ, նվիրյալ խազագետները խազերի ուսումնասիրությամբ սկսել են զբաղվել իրենց նախորդից 10-50 տարով կտրված կամ նույնիսկ իրարից անկախ: Մինչդեռ այդ գործը պետք էր անել խազագետների դպրոց ստեղծելով, պետք էր համակարգել նախորդ գիտնականների ձեռքբերումները, դասակարգել ըստ մեթոդաբանության: Երկու-երեք սերնդի այդպիսի հետևողական աշխատանքից հետո մենք հավանաբար կունենայինք բացահայտված խազեր կամ չէինք ունենա և կհասկանայինք, որ այս խնդիրը փակված է: Սակայն այսօր այդպիսի բան չենք կարող ասել:

Արթուր Հովհաննիսյան