Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը կազդի պատմության ընթացքի վրա. արքեպիսկոպոս Նիկոլայ Բալաշ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը կարող է «ազդել պատմության ընթացքի վրա» և չի ամրապնդի խաղաղությունն ու միջկրոնական ներդաշնակությունը: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այսպիսի տեսակետ է հայտնել Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների  վարչության պետի տեղակալ, արքեպիսկոպոս Նիկոլայ Բալաշը:

Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահը ստորագրել է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի կարգավիճակ շնորհելու մասին հրամանագիրը: Դրանից առաջ Թուրքիայի Պետական ​​խորհուրդը չեղյալ է հայտարարել 1934-ի տաճարի թանգարանի կարգավիճակի մասին որոշումը:

«Էրդողանը չունի բավարար չափով պետական ​​իմաստություն: Այս քայլը չի բխում իր իսկ ժողովրդի շահերից»,- գրել է Բալաշովը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Ըստ նրա՝ տեղի ունեցածը եկեղեցու ներկայացուցիչների շրջանում առաջացնում է հենց այն զգացմունքները, որոնք հիշատակվել են Պատրիարք Կիրիլի վերջերս արած հայտարարության մեջ. «Ցավ, դառնություն, վրդովմունք»:

«Ցավալի է, որ Թուրքիայի նախագահի գիտակցության մեջ րոպեական քաղաքական հաջողության շահերը գերիշխում են պետական ​​իմաստությանը: Նախաձեռնվել է հսկայական  խորհրդանշական նշանակություն ունեցող քայլ, որը կարող է ազդել պատմության ընթացքի վրա: Եվ շատ ցավալի է, որ այս քայլը ուղղված չէ խաղաղության ամրապնդմանը, միջկրոնական ներդաշնակությանը, փոխըմբռնման բարելավմանը, մասնավորապես, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների միջև», – ավելացրել է Բալաշովը:

Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է քրիստոնյա կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Մայր տաճարը հազար տարի շարունակ քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարն է: Օսմանցիների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից և Բյուզանդական կայսրության անկումից հետո 1453-ին տաճարը վերածվել է մզկիթի, բայց 1934 թվականից ի վեր շենքը, ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հրամանով, դարձել է թանգարան և ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: