Սոբյանինը պատմել է, թե Մոսկվայի բնակիչները երբ կհրաժարվեն դիմակներից
Մոսկվայում դիմակներ կրելու անհրաժեշտությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև սկսվեն կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները: Նման հայտարարություն է արել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ 2020 թվականի հոկտեմբերին կամ ավելի ուշ:
«Թե որքան ենք դիմակներ կրելու, մեծապես պայմանավորված կլինի պատվաստանյութի ի հայտ գալու ժամանակով: Ըստ տարբեր գնահատականների՝ հոկտեմբերից հաջորդ տարվա փետրվար ամիսները: Ես ուզում եմ հավատալ, որ հոկտեմբերին մենք կստանանք պատվաստանյութերի առաջին մեծ խմբաքանակները»,- քաղաքապետի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ, քաղաքապետը նշել է, որ, նրա կարծիքով, մեկ տարուց հետո մայրաքաղաքի բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց բնականոն կյանքին:
Անցած շաբաթ քաղաքային իշխանությունները հայտարարել էին կորոնավիրուսի պատճառով ներդրված սահմանափակող միջոցառումների մեղմացման երկրորդ փուլը: Այժմ Մոսկվայում կսկսեն գործել առևտրի և սպասարկման շատ ձեռնարկություններ: Բացի այդ, երկուշաբթի օրվանից բնակիչները կարող են շաբաթական երեք անգամ դուրս գալ զբոսնելու՝ հետևելով զբոսանքների հատուկ ժամանակացույցին:
Այնուհանդերձ, Մոսկվայում անցաթղթերի և ինքնամեկուսացման ռեժիմը դեռ ամբողջովին չի չեղարկվել: Այն կպահպանվի առնվազն մինչև հունիսի 14-ը:

