«ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, իսկ Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը». Ալիևի օգնական
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն «Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ նշելով, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, իսկ Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը»:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 21-ին արձագանքել էր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների սեղանին դրված է հակամարտությունը փուլային տարբերակով կարգավորելու հարցը: ՀՀ արտգործնախարարը նշել էր. «Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել ու չեն լինելու։ Հայկական կողմերը որևէ դեպքում չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, ԼՂ բնակչության սպառնալիք ստեղծելուն։ Այդ սպառնալիքը մնում է ռեալ։ Առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումն այս բանակցային գործընթացում»: Հաջիևը նշել է, որ «ՀՀ արտգործնախարարի այդ հայտարարությունը տապալում է հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացը»:
Նա նշել է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով, և առաջին փուլում հայկական զորքերը պետք է ազատեն Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները»:
«Եթե Հայաստանը ցանկանում է նման հայտարարություններով դուրս գալ բանակցային գործընթացից, ուրեմն պետք է բաց խոստովանի իր դիրքորոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ իրենց հերթին պետք է արձագանքեն Հայաստանի այդ հայտարարությանը»,-ասել է Հաջիևը` ընդգծելով, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում:
Լավրովը պարզաբանել է, որ «առաջին փուլում ենթադրվում է առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:

