Ղարաբաղյան կարգավորման առաջընթացը փուլային մոտեցում է ենթադրում. Սերգեյ Լավրով

Անցած տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարևոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման ուղղությամբ:

Այս մասին երեքշաբթի օրը Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է News.am-ը:

«Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին` այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, և դրանք այժմ ակտիվորեն քննարկվում են»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը պարզաբանել է, որ այդ փաստաթղթերը «փուլային մոտեցման հիման վրա կարգավորմանը հասնել են նշանակում` առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ դրանց ստորագրումը լուրջ քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում: «Համոզված եմ, որ երբ մենք հանգենք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը, սա կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը կյանքի կոչման ուղղությամբ, որոնց մասին է խոսքը և որոնք, կրկնում եմ ևս մեկ անգամ, պահանջում էին վերջ տալ պատերազմին և սկսել պայմանավորվել»,- շեշտել է  Լավրովը:

«Սկսել են պայմանավորվել, հիմա պետք է պայմանավորվել: Հենց դրան էլ մենք ձգտում ենք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Բացի այդ, Լավրովը լավ և օգտակար է անվանել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Հենց դրանում է մարմնավորվել Անվտանգության խորհրդի հենց այդ պահանջն այն մասին, որ անհրաժեշտ է վերջ տալ պատերազմին և սկսել պայմանավորվել»,- հավելել է նա: