Գիշերը կորոնավիրուսից մահացած տղամարդն ուներ նաև այլ հիվանդություններ
Գիշերը կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը, որը Մարալիկի բնակիչ էր, նախորդ օրերին բուժում էր ստացել նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։
Tert.am-ի տեղեկացմամբ, ասել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:
Նա նշել է, որ տղամարդու շփման շրջանակը նեղ է եղել, ընտանիքում ապրում էր կնոջ հետ, վերջինը նույնպես չէր աշխատում ու ամուսնու շփումների մասին տեղեկություն չունի։
«Մահացած տղամարդը շատ քիչ շփում ուներ մարդկանց հետ, նա վերջին տարիներին որսորդությամբ էր զբաղվում և իր կյանքն ու կենցաղը դասավորվում էր ըստ այդմ։ Նա բավականին լուրջ առողջական խնդիրներ ուներ ու վերջին տարիներին բուժվում էր»,- ասաց համայնքի ղեկավարը։
Արտակ Գևորգյանը տեղեկացրել է, որ տղամարդը մահացել է Երևանում, իսկ մինչև այդ՝ մարզային հիվանդանոցում բուժվելու ընթացքում, կասկած կարծես թե չի եղել, որ նա վարակված է կորոնավիրուսով։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ մեկուսացված է նաև Երևանում բնակվող նրա աղջկա ընտանիքը:
Մարալիկի բնակիչներից մեկը, որը չցանկացավ անունը հրապարակել, նշեց, որ մահացած տղամարդը վերջին 10 օրում Ձորակապ համայնքում մասնակցել է թաղման արարողության։

