Վերին Լարսում կունենանք մեր ներկայացուցիչը
Արամ Թանանյանը նշանակվեց Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ
Հունվարի 30-ի կառավարության նիստում որոշվեց Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնում նշանակել Արամ Թանանյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մաքսային կցորդն աշխատելու է Վերին Լարսի անցակետի մոտակայքում: «Թող տպավորություն չստեղծվի, որ նա Մոսկվայում է աշխատելու: Նա աշխատելու է Վերին Լարսի մոտակայքում»,- ասաց վարչապետը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ Արամ Թանանյանը 2018 թվականից զբաղեցնում է ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը, երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում, մասնավորապես զբաղեցնելով ղեկավար պաշտոններ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, փրկարար ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում:
Ներկայում Վերին Լարսում ծագող խնդիրները լուծվում են հեռակա՝ հեռախոսազանգով, տարբեր կապի միջոցներով: «Մենք արդեն հնարավորություն կունենանք առերես քննարկել բոլոր խնդիրները՝ փորձելով դրանց տալ լուծումներ, որոնք կլինեն արագ, օպերատիվ, հիմնավորված: Լարսում կունենանք դեմք, ով կներկայացնի մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թանանյանը:

