Հեռախոսազանգի միջոցով հնարավոր կլինի՞ վերահսկել, թե մարդն ում հետ է երթևեկել հանրային տրանսպորտով կամ շփվել խանութում

Երբ արտակարգ դրության և տեղաշարժի սահմանափակման պայմաններում 132 պատգամավոր այնուամենայնիվ խախտելով սահմանված ռեժիմը՝ մեկտեղվում են չօդափոխվող փակ տարածքում՝ վարակի հնարավոր տարածման վտանգն աչքերի առաջ ու քննարկում, թե մարդկանց տեղաշարժը վերահսկելու համար ուրիշ ինչ հնարավոր մեխանիզմներ կարելի է կիրառել, ակամա սկսում ես մտածել նրանց կողմից ընդունած օրենքների անլրջության մասին:

Այսօր արդարադատության նախարարը պատգամավորների քննարկմանը  հանձնեց  նոր նախագիծ, որը մասնագետների գնահատմամբ՝ ոչ այլ ինչ է, քան մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների դեմ ոտձնգություն, որը արդարացված չէ անգամ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների համատեքստում:

Նշենք, որ կառավարությունն արտակարգ դրության ռեժիմում առաջարկում է անձնական տվյալների պաշտպանության իրավունքի սահմանափակումներ մտցնել: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից՝ մասնավորապես «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի արագացված ռեժիմով քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ավելի ուշ առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվեց:

Նախագծով արտակարգ դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցման ցանցի օպերատորները պարտավոր են պետական մարմիններին և պետական իրավաբանական անձանց տրամադրել՝

  1. տվյալներ, որոնք անհրաժեշտ են նշված հասարակական ծառայությունները ստացող հաճախորդի գտնվելու վայրի որոշման համար,
  2. հետախոսահամարները, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն հաճախորդի հեռախոսահամարի հետ, ինչպես նաև հեռախոսազրույցի ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև դրանց տրամադրումը հեռախոսահամարի վերահասցեավորման դեպքում,
  3. տվյալներ մշակողները կարող են կառավարությունից, առողջապահության համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաև բուժօգնության և ծառայությունների մատակարարներից համապատասխան կարգով խնդրել արտակարգ դրության սահմանման մասին՝ այլ տվյալների հետ համեմատության համար,
  4. տրամադրված տվյալները կարող են բացահայտնել նաև երրորդ անձանց գտնվելու վայրը,
  5. քաղաքացիները կունենան սարքեր կամ ծրագրային ապահովում, որը նախատեսված է նրանց գտնվելու վայրը, տեղաշարժը և առողջական վիճակը հետևելու համար: Այդ պարտավորության խախտման դեպքում տուգանք է նախատեսված՝ 100-200 հազար դրամի չափով:

 

Արդարադատության նախարարը ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարցադրման, այսպես բացատրեց զանգերը վերահսկելու և դրանք տեղորոշելու կարևորությունը. «Զանգի կարևորությունը հետևյալն է՝ պատկերացրեք ինձ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նախորդ 14 օրվա ընթացքում իմ լոկացիան բավարար չէ ինձ հետ շփվածներին բացահայտելու համար, որովհետև շփման շրջանակը լայն է: Հետևաբար 14 օրվա ընթացքում իմ կատարած զանգերի, իմ կոնտակտների վերհանումը, նրանցից հեռախոսազանգի միջոցով ճշտելը՝ արդյոք նրանք հանդիպել են ինձ հետ այսինչ ամսաթվից այսինչ ամսաթիվը, կարևոր է»:

Նրա խոսքով՝ և տեղորոշման, և զանգերի կատարման տվյալները մի կենտրոնում գեներացնելը կնպաստի, որ այդ վիճակագրական տվյալների հիման վրա իրավասու մարմինները կարողանան միջոցառումներ ձեռնարկել:

Ըստ նախարարի՝ «Եթե արտակարգ դրությունը առաջացել է համաճարակի հետևանքով, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին»:

Նախարարի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն հայտարարելուն: «Այսինքն՝ այլ արտակարգ դրությունների դեպքում միջամտությունն անձնական տվյալների և հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: Կուզեի շեշտել, որ այս միջամտությունը սահմանափակ է, բնականաբար, ամբողջ ծավալով չի միջամտում նշված իրավունքներին: Կատարվում է բացարձակ արտակարգ դրության շրջանակում և ավարտվում է արտակարգ դրության ավարտմամբ, և տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին կամ կառավարության որոշմամբ սահմանված անձանց»,- պարզաբանել է Բադասյանը:

Օրինագծին դեմ արտահայտվեցին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: Մասնավորապես Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր դիրքորոշումը հայտնելով՝ տեղեկացրեց, որ դեմ է քվեարկելու համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության ներկայացրած նախագծին:

Խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը հորդորեց կառավարությանը հետ տանել նախագիծը:

«Սա ոչ միայն հետընթաց է ժողովրդավարությունից, այլև դուք աննպատակ գործ եք անելու: Այն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուրսները ծախսեք սահմաններին ՀՀ բոլոր մուտքերին թեստեր դնելու համար, չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար: Այսօր նամակ է եկել ինձ՝ «Եվս մի քանի օր և ես խանութից գողություն եմ անելու» բովանդակությամբ, այս խնդիրները լուծեք»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Կառավարությունն այս հարցում բավականաչափ ուշացել է, քանի որ վարակը հասցրել է տարածվել: Նա նաև ակնարկեց, որ հասարակության համար օրենքներ ընդունելով՝ օրենսդիրն ինքը չի ենթարկվում այդ օրենքներին, ինչն էլ, չի բացառվում, որ ընդօրինակելի է դառնում մարդկանց համար. «Ամենամեծ ռիսկը այս դահլիճում է, երբ 132 պատգամավոր ժամերով փակված են մի տեղ, ռեալ քայլերի մասին մտածեք: Միջագային փորձ եք նշում, բայց որևէ երկրում ես նման փորձ չտեսա: Հետ տարեք նախագիծը, այն առավել մեծ խուճապ է առաջացնելու, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել: ԲՀԿ-ն այս նախագծին քվեարկելու է դեմ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ մտահոգություն հայտնեց, որ այդ նախագիծն ընդունելու դեպքում կխախտվի մարդու անձնական տվյալների անձեռնմխելիությունը՝ բացասական հետևանքներ ունենալով:

«Քննարկում ենք իրապես շատ կարևոր օրենք, որով սահամանփակելու ենք միլիոնավոր ՀՀ քաղաքացիների իրավունքներ և ազատություններ:

Ըստ էության, խոսքը բոլոր մեր քաղաքացիների տվյալներին է վերաբերում, թող ոչ մեկը չմտածի, որ իր տվյալներին չի վերաբերում: Ընդ որում, երբ ախտորոշվել է և մեկուսացված է, այդ օրվանից սկսած՝ հսկողության առումով ես խնդիր չեմ տեսնում: Ես խնդիր եմ տեսնում, երբ մարդը չգիտի, որ կարող է հետ գնան և իր բոլոր տվյալները ստուգեն՝ որտեղ է եղել, որտեղ է զանգել, ում հետ է շփվել: Սրանով ռետրոսպեկտիվ բացում ենք պանդորայի արկղը և հետ ենք գնում և իր ամբողջ կոնտակտների շրջանակը ստուգում»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը գուցե արդյունավետ լիներ այն ժամանակ, երբ հաստատված էր առաջին հիվանդը: «Հիմա, երբ նորից 58 դեպք գրանցվեց և արդեն 400-ն անցել ենք, սա անիմաստ կարգավորում է: Արդեն ուշ է և ուշ բերել, այս նախաձեռնությամբ քաղաքացիների իրավունքները սահմանափակել, անընդունելի է: Մենք չպետք է դարերով պայքարների արդյունքում ձեռք բերված մարդկանց ազատություները զիջենք նման իրավիճակներում: Ավելին ասեմ՝ վստահություն չկա, թե այդ տվյալները ում մոտ են մշակվում, ոնց է մշակվում և ինչ կարող են անել ընդհանրապես»,- ասաց նա:

 

Նախագծի վերաբերյալ մտահոգություններ հայտնեցին նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ եթե փոքր ինֆորմացիա վերցնելով՝ հնարավոր է այլ նպատակ լուծել, իսկ համաճարակի տարածումը հնարավոր չլինի այդկերպ որևէ ձևով կանխել, ավելի լավ է մարդու իրավունքների ազատությունների սահմանափակման առումով նրբանկատ լինել։

«Պարոն Բադասյանն իր խոսքում հնչեցրեց «Big data» հավելվածի մասին։ Դրա իմաստն այն է, որ ինֆորմացիան հավաքվում է բոլոր հնարավոր տեղերից, անգամ մանրուք թվացող տվյալներն են հավաքագրվում ու որոշակի ալգորիթմների միջոցով այդ մարդու հնարավոր վարքագծի մասին տեղեկություններ ու ենթադրություններ են գեներացվում։ Այդ առումով կարող է անգամ աննշան թվացող ինչ-որ մի նամակի փաստը թույլ տա, որ այդ ենթադրությունները կամ եզրակացությունները լինեն։ Նույն կերպ աշխատում են սոցիալական ցանցերը, «Ֆեյսբուքում» հասարակ մի քանի լայք դնելը կարող է ձեր մասին այնքան ինֆորմացիա տալ որոշակի խմբերի, որոնց մասին դուք չեք էլ կասկածում։ Այսօր մենք երբեմն առանց գիտակցելու տոտալ վերահսկողության տակ ենք՝ մեր վարքագծի պատճառով»,- ասաց Թունյանը։

Նա նշեց, որ այստեղ նաև այլ հարց է առաջանում՝ արդյոք Կառավարությունը ունի՞ այն տեխնիկական հնարավորությունները, որ կարողանա ամբողջ ինֆորմացիան մշակել. «Կարծում եմ, որ նման իրավիճակներում պետք է որոշակի իրավունքների սահմանափակման գնանք, բայց դա պետք է անենք շատ բալանսավորված։ Եթե ինչ-որ բանի կարիքը չկա կամ ինչ-որ բան մենք այսպես, թե այնպես չենք կարողանալու գեներացնել էֆեկտիվ պրոդուկտի, դա պարզապես կարելի է հանել»։

Փորձագետներն ու մասնագետները ևս իրենց մտահոգություններն են ներկայացրել նախագծերի փաթեթի առնչությամբ: Սահմանադրագետ Գոհար Մելոյանի համար անհասկանալի է, թե հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների (Beeline, Vivacell, Ucom) կողմից կառավարության նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի տեղորոշման, հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալները չտրամադրելու դեպքում ինչ պատասխանատվություն են կրելու, նախագծով դա կարգավորված չէ:

Ըստ Նախագծի՝ վերոնշյալ ընթացակարգերը կիրառվում են բացառապես անձանց տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու նպատակներով։

Նախագծով զուգահեռաբար նախատեսվում է, որ նշված տվյալները սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով մշակելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը, չապանձնավորելը և չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, սակայն, ըստ սահմանադրագետի, ամբողջությամբ կարգավորված չէ նախատեսվող պատասխանատվությունը:

Մինչդեռ քաղաքացիների նկատմամբ, որոնք կհրաժարվեն հատուկ հավելվածների օգտագործման միջոցով օգնել պատկան մարմիններին ծանոթանալու իրենց հեռախոսազանգերին և տեղորոշելու դրանք, հստակ պատաժամիջոց է նախատեսված՝ ամրագրված տուգանքի չափով:

«Իրապես, եթե հաշվի առնենք Հայաստանում և աշխարհում տիրող պանդեմիան, և, եթե հիմք ընդունենք այն հանգամանքը, որ նշված սահմանափակումները անհրաժեշտ են համաճարակի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար, ապա նախատեսվող սահմանափակումները, եթե կիրառվեն բացառապես նախագծով նախատեսված եղանակով և նպատակներով, առաջին հայացքից չեն հակասում Սահմանադրության 33-րդ (հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը) և 34-րդ (անձնական տվյալների պաշտպանություն) հոդվածներին։

Սակայն առաջարկվող սահմանափակումների համաչափության տեսանկյունից առաջանում է հետևյալ հարցը՝ ո՞րն է այս ընթացակարգերը միաժամանակ նախատեսելու իրավաչափ նպատակը, եթե դրանցից միայն մեկն օրինակ այն է՝ ցանցի օպերատորների միջոցով տվյալների փոխանցումը, ըստ էության, ներառում է ինչպես այն տվյալների շրջանակը, որոնք ձեռք են բերվում հեռախոսային հավելվածի միջոցով, այնպես էլ՝ ամբողջությամբ լուծում է Նախագծով առաջադրված խնդիրները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոհար Մելոյանը։

Մենք էլ մեր կողմից հավելենք, որ նախագծի խնդրահարույց փաթեթը նաև չի տալիս այն հարցերի պատասխանները, թե ինչպե՞ս են վերահսկելու և տեղորոշելու, թե տվյալ անձը օրվա որ ժամին և երբ է երթևեկել հանրային տրանսպորտով, ովքե՞ր են այդ պահին նրա հետ նույն տրանսպորտային միջոցից օգտվել, կամ ո՞ր խանութներում է եղել հնարավոր վարակակիրը և քանի՞ հոգու է հասցրել այնտեղ վարակել, ովքե՞ր են այդ պահին եղել խանութում՝ առևտուր անելու նպտակով, կամ այդ օրը խանութի ո՞ր աշխատակիցներն են հերթապահել: Ակնհայտ է, որ այս գործիքը դառնալու է ընտանիքի մի քանի անդամներին առանձին տաքսիներով երթևեկել պարտադրող որոշման քույր նախաձեռնությունը, որի համար միայն ռեսուրսներ կմսխվեն, դե օրինակ, մարդկանց սմաթֆոններով ապահովելու համար, հավելվածների և լրացուցիչ աշխատուժ ներգրավելու համար:

Պատրաստեց Թագուհի Ասլանյանը