Վրաստանը խստացնում է սահմանային հսկողությունը. Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից և Իսպանիայից ժամանածները պարտադիր կարանտին կանցնեն

Վրաստանի կառավարությունը որոշել է խստացնել հսկողությունը Վրաստանի սահմաններին, որպեսզի չեզոքացնի կորոնավիրուսի տարածումը: Այս մասին տեղեկացնում է rustavi2.ge կայքը` հղում անելով երկրի վարչապետ Գեորգի Գախարիային:

Վրաստանի վարչապետը նշել է, որ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից և Իսպանիայից ժամանած Վրաստանի քաղաքացիները երկշաբաթյա պարտադիր կարանտին կանցնեն:

«Վրաստան մուտքի ռեժիմը խստացվել է ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար: Ինչպես գիտեք՝ մենք արդեն որոշ սահմանափակումներ ենք մտցրել Չինաստանի, Հարավային Կորեայի և Իտալիայի համար»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Հիշյալ երկրներից վերադարձած Վրաստանի քաղաքացիները պարտադիր 14-օրյա կարանտին կանցնեն, օտարերկրացիները սահմանին պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեն, որ իրենք կորոնավիրուսի ստուգում են անցել կամ կրկին 14-օրյա կարանտին անցնեն:

Բացի այդ, Վրաստանի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվել առաջիկա մի քանի ամսում խուսափել երկրից դուրս գալուց:

Գախարիան նշել է, որ դա շատ կարևոր է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար և կառավարությունը հուսով է, որ քաղաքացիները ականջալուր կլինեն հրահանգներին:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակ է հայտարարել. Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ: