«Արգումենտի ի ֆակտի» պարբերականի անդրադարձը Ալիևի՝ «բազմաթիվ հայ աշխատողներ ունենալու» պնդմանը

Ռուսական «Արգումենտի ի ֆակտի» պարբերականն անդրադարձել է

Մունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդմանը, թե այդ պարբերականում բազմաթիվ հայեր են աշխատում:

Ալիևն այդ մասին ասել էր, երբ ԼՂ հակամարտության կարգավորման թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի ժամանակ, վերջինս հղում էր կատարել Այազ Մութալիբովի (Ադրբեջանի նախկին նախագահ)՝ 1992 թ. ռուսական պարբերականին տված այն մեկնաբանությանը, թե՝ Խոջալուի դեպքերն ադրբեջանական ընդդիմության կողմից կազմակերպված սադրանք էին:

Դրան ի պատասխան՝ Ալիևն ասել էր, որ «Արգումենտի ի ֆակտի»-ում, ինչպես նաև մի շարք այլ ռուսական լրատվամիջոցներում, այդ թվում դրանց ղեկավարությունում, մեծ թվով հայեր են աշխատում, այդ պատճառով դրանք «գրում են այն, ինչ ուզում են»:

«Արգումենտի ի ֆակտի»-ի խմբագրությունից պարզաբանել են, որ հիշյալ հարցազրույցը Մութալիբովը ոչ թե իրենց, այլ «Նեզավիսիմայա գազետա» պարբերականին է տվել:

Իսկ Ալիևի խոսքին  խմբագրությունը պատասխանել էր. «Չխորանալով երկու հարգարժան քաղաքական գործիչների բանավեճի մանրուքների մեջ՝ նկատենք միայն, որ «Արգումենտի ի ֆակտի»-ում հայերի մեծ թվի վերաբերյալ Ալիևի պնդումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Եվ սա վերաբերում է ինչպես ներկայիս, այնպես էլ 90-ական թվականների աշխատակիցներին»:

Այնուհանդերձ պարբերականը շնորհակալություն է հայտնել երկու պետությունների ղեկավարներին՝ իրենց թերթը միջազգային ասպարեզում գովազդելու համար: