Վարչապետի կողմից անմեղության կանխավարկածի խախտման դեպքերը հնարավոր է նաև մեսիջ են՝ ուղղված իրավապահ համակարգին

Օրերս Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնալով  հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ՍԴ նախագահի փաստաբանի ներկայացրած դիմում բողոքին, նշել է, որ այդ ռեպորտաժում լուրջ խախտումներ են եղել՝ մասնավորապես անձի անմեղության կանխավարկածի հետ կապված։ Հիշեցնենք, որ նշված ռեպորտաժում, որը, վարկածներից մեկի համաձայն, պատվիրել է հենց հետագայում այդ տեսանյութի տարածման գործում ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն արդեն մեղադրվում էր նոտարների գործով կոռուպցիոն գործարքների ու գործողությունների մեջ՝ առանց դատարանի իրավական ուժի մեջ մտած որոշման և արդար դատաքննության։

Ի դեպ, ինչպես Արման Թաթոյանն է իր հաղորդագրության մեջ նշել, անձի անմեղության կանխավարկածի խախտումը կիրառելի պրակտիկա է դարձել մեզանում հեղափոխության օրերից սկսած, երբ նաև բարձր պաշտոնյանները չեն խուսափում տարբեր նախկին կամ ներկա պաշտոնյաների մասին պատասխանատու իրավական հայտարարություններ անել՝ նրանց մեղադրելով տարբեր հանցանքներում։ Հենց մեղադրելով, այլ ոչ թե կասկածներ հայտնելով ու վարկածներ առաջ քաշելով, ասես իրավապահ համակարգի դերն ու պատասխանատվությունը, երկրում արդարադատություն իրականացնելու գործառույթը «նոր» Հայաստանում ԱԺ պատգամավորների, նախարարների ու վարչապետի գործառույթներում են ներառված։

Վերջերս թե վարչապետը Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, թե ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սկանդալային հարցազրույցում հերթական նման հայտարարություններն արեցին՝ վստահաբար նշելով, թե Հրայր Թովմասյանը ակնհայտ կեղծիքով է ստանձնել իր պաշտոնն այն դեպքում, երբ ենթադրյալ կեղծիքի գործով քննություն է ընթանում, և դեռևս արդար դատավարությամբ և դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ դա հաստատված չէ։

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը LIVenews.am-ի հետ զրույցում երևույթը քննադատելի է համարում՝ ասելով, որ եթե նախկինում նման պրակտիկա կար նեղ մասնագիտական շրջանակում, օրինակ՝ ոստիկանության կամ իրավապահ համակարգի այլ  ներկայացուցչի կողմից կարող էր անձի անմեղության կանխավարկածը խախտվել, ապա այսօր քաղաքական համակարգն է խառնվում դատական համակարգի որոշակի գործընթացներին։

Անմեղության կանխավարկածի սկզբունքը իրավաբանական պատասխանատվության սկզբունքների համակարգում առաջնային է: Այն դիտարկվում է որպես համաիրավական սկզբունք, իրավունքի գրեթե յուրաքանչյուր ճյուղի ելակետային դրույթ:

Ինչ վերաբերում է միջազգային պարտավորություններին, ապա Հայաստանը անձի անմեղության կանխավարկածի պահպանումը երաշխավորող մի շարք միջազգային փաստաթղթերի շահառու է։ Մասնավորապես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննարկման դեպքում, իրավունք ունի գործի արդարացի հրապարակային դատաքննության՝ խելամիտ ժամկետում, օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից» (հոդված 6, մաս 1): Նույն հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, անմեղ է համարվում, մինչև որ նրա մեղավորությունը չապացուցվի օրենքին համապատասխան»:

Իսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով «Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվելու մինչև այն պահը, քանի դեռ նրա մեղքը օրինական կարգով չի հաստատվի հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները» (հոդված 11, մաս 1):

Միջազգային պարտավորությունների ոտնահարման յուրաքանչյուր դեպք, բնականաբար, ազդում է մեր երկրի միջազգային վարկանիշի վրա, և հաշվի առնելով, որ նախկին իշխանականների, պաշտոնյաների գործերի առնչությամբ արված հայտարարություներով ոչ միայն գործադիրի ղեկավարը, այլև հենց նախաքննության և քննչական մարմինների ղեկավարները բազմիցս խախտել են անմեղության կանխավարկածի պահպանման վերաբերյալ միջազգային պարտավորվածությունները, կարելի է միան ենթադրել, թե Հայաստանը քանի կետով է հետ մղվել միջազգային սանդղակներում։ Հետո ինչ, որ Նիկոլ Փաշինյանը հերթական պոպուլիստական զեղումի ժամանակ հանրության գլխի տակ բարձ դրեց՝ հայտնելով, թե վերջին երկու տարիներին  Հայաստանի միջազգային վարկանիշը զգալի բարձրացել է։ Մինչդեռ մենք պարբերաբար միջազգային կառույցների կողմից Հայաստանում տեղի ունեցող քաղաքականացված իրավական գործընթացների մասին դիտողություններ ենք ստանում՝ հորդորով խուսափել այնպիսի քայլերից, որոնք հակասում են ժողովրդավարական սկզբունքների բովանդակությանը։ Վերջին նման հորդորը ԵԽԽՎ-ից էր․ ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարությամբ են ներկայացել, որով իրենց անհանգստությունն են հայտնել Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։

Ի դեպ, ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ «Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի» (հոդված 21):

Արման Թաթոյանը ՄԻՊ դիրքորոշման մեջ նշել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքն արդար դատաքննության իրավունքի անփոխարինելի բաղադրիչ է: Այս հիմնարար սկզբունքի պահպանման պահանջը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ պաշտոնատար անձանց ու լրատվամիջոցներին՝ յուրաքանչյուրին ըստ իրավասության կամ կարգավիճակի: Իրավական ցանկացած ընթացակարգ պետք է իրականացվի դրա համար նախատեսված պարտադիր կանոնների խստիվ պահպանմամբ: Այդ պարտադիր կանոններից շեղումը չի կարող արդարացվել անգամ իրավաչափ որևէ նպատակով: Անկյունաքարային նշանակության այդպիսի պահանջ է քրեադատավարական ցանկացած ընթացակարգի ժամանակ անմեղության կանխավարկածի երաշխավորումը: Անմեղության կանխավարկածի չպահպանումը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը: Այն պետք է խիստ պահպանվի ցանկացած գործով վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ արարքի մասին է խոսքը, հասարակության շրջանում ինչ վարկ ունի անձը և այլն:

Ըստ ՄԻՊ-ի՝ այս պահանջն առաջնահերթ ուղղված է հանրային իշխանության բոլոր մարմիններին ու պաշտոնատար անձանց և նշանակում է, որ  նրանք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում: Մանավանդ քաղաքական ղեկավարը օրինակ է ծառայում նաև ավելի ստորադաս կառույցների համար, և եթե, օրինակ, երկրի վարչապետն է թույլ տալիս կոպտորեն ոտնահարել անմեղության կանխավարկածը քաղաքական ինչ-ինչ նպատակներով, ապա ինչու պետք  է իրավապահ համակարգի պաշտոնյաները զերծ մնան այդ արատավոր պրակտիկայից։

Արման Թաթոյանը հատկապես զգուշավորության կոչ է արել այն մարմիններին, որոնք պատասխանատու են քրեական հետապնդման համար և որոնց քաղաքացին ընկալում է պետության՝ իրավախախտումների, այդ թվում նաև հանցավորության դեմ պայքարի ոլորտի մարմին՝ նշելով, որ նրանք իրենց հրապարակային դիրքորոշումներում կամ հայտարարություններում առանձնապես պետք է զգուշավոր լինեն և դուրս չգան օրինավորության սահմաններից:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով փաստաբանը բարձրացրել է նաև տեսանյութի հրապարակմամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի խախտման հարց: Ըստ այս օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները պետք է կատարվեն՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Օրենսդրական այս պահանջն ունի հատուկ նպատակ. այն լրացուցիչ երաշխիք է, որ պետք է պարտադիր հաշվի առնվի քրեական վարույթի ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցանկացած գործողություն կատարելիս այդ վարույթի կամ ՍԴ դատավորի մասնակցությամբ գործողության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման հարցում:

Մինչդեռ ՀՔԾ-ն անտեսելով այդ պահանջը, այնպիսի տեղեկություն էր տրամադրել Հանրային հեռուստաընկերությանը, որոնք մինչդատական վարույթի գաղտնիություն է պարունակում, և դեռևս իրավունք չկար այն հանրայնացնել։

Ի դեպ, ՄԻՊ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայաստանը նաև միջազգային պարտավորություն է ստանձնել, որոնց համաձայն լրագրողներին կոնկրետ քրեական գործերին վերաբերող տեղեկություններ տրամադրելիս իրավապահ մարմինները պետք է առաջնորդվեն հատուկ պահանջներով: Մասնավորապես, «Լրատվամիջոցներով քրեական վարույթներին վերաբերող տեղեկությունների տրամադրման մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 13 հանձնարարականի 2-րդ սկզբունքի համաձայն՝ անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս է: Հետևաբար, ընթացիկ քրեական վարույթին վերաբերող կարծիքները և տեղեկությունները կարող են տրամադրվել կամ տարածվել լրատվամիջոցներով, եթե դա չի խախտում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածը: Նույն հանձնարարականը մեղադրյալին վերապահում է պաշտպանության արդյունավետ միջոցի հնարավորություն, եթե խախտվել է արդար դատաքննության իրավունքը:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Լրագրության էթիկայի մասին» թիվ 1003 (1993) բանաձևի 22-րդ կետի համաձայն՝ լրագրության մեջ տեղեկությունները և կարծիքները պետք է հարգեն անմեղության կանխավարկածը, հատկապես այն գործերով, որոնք դեռ ավարտված չեն և պետք է ձեռնպահ մնալ գնահատականներից: Հետևաբար, անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը պետք է պահպանվի նաև լրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքում:

Անդրադառնալով ուսումնասիրված տեսանյութին՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նախ, մեջբերվող տեղեկությունները, որ ըստ տեսանյութի՝ տրամադրել է Հատուկ քննչական ծառայությունը, խնդրահարույց են անմեղության կանխավարկածի տեսանկյունից: Ուստի, լրատվամիջոցին տվյալներ տրամադրելիս քննչական մարմինը ցանկացած պարագայում պարտավոր է անմեղության կանխավարկածի հետ կապված անհրաժեշտ բոլոր վերապահումներն անել կամ ընտրել այնպիսի ձևակերպումներ, որոնք չեն խախտի անմեղության կանխավարկածն ու նախաքննության տվյալների հրապարակման իրավասության չարաշահման հարց չեն առաջացնի: Դրանից բացի, լրատվամիջոցն ինքը պարտավորություն ունի հրապարակելու միայն այնպիսի տեղեկություններ, որոնք չեն խախտում անձի անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքի պահանջը: Հղումը պետական մարմնի վրա ինքնին չի կարող համարվել ընդունելի հիմնավորում պատասխանատու լրագրության սկզբունքների տեսանկյունից:

Այժմ մտորենք, թե քաղաքական բարձր շրջանակներից հատկապես նախկին ու ներկա պաշտոնյաների ու քաղաքական գործիչների վերաբերյալ ու անմեղության կանխավարկածի հստակ խախտմամբ արվող հայտարարությունները ի՞նչ նպատակ կարող են ունենալ։ Փաստորեն երկրի պատասխանատու ղեկավարները, օգտվելով առիթից, որ անմեղության կանխավարկածի անտեսման, ոտնահարման համար որևէ քրեական կամ այլ տեսակի պատասխանատվություն չի նախատեսվում, աջուձախ ի սկզբանե ՀՀ երկրորդ նախագահի, իսկ հետագայում արդեն ՍԴ նախագահի հասցեին ակնհայտ մեղադրանքներ պարունակող արտահայտություններ են անում, ինչը ենթադրել է տալիս, որ այդկերպ նրանք դատարանների, նախաքննական ու քննական մարմինների վրա ազդելու և նրանց ուղղորդելու լծակներ են կիրառում։ Հաշվի առնելով «նոր» Հայաստանի դատաիրավական համակարգում առկա իրողությունները, չենք խուսափի ասել, որ միայն հատուկենտ դատավորներ են, որ խիզախում են ոչ իշխանահաճո, այլ օրենքից ու Սահմանադրությունից բխող որոշումներ կայացնել, ինչը սակայն նրանց համար ճակատագրական է դառնում։ Հիշենք այն դատավորների նկատմամբ իրականացված ճնշումները, որոնք ընդհուպ մինչև քրեական հետապնդման ենթարկվեիցին՝ օրինակ Ռոբերտ Քոչարյանի դատավարության գործով Նիկոլ Փաշինյանի սպասելիքները չարդարացնող որոշումներ կայացնելով։ Եվ նման պայմաններում ո՞ր քաջը կհամարձակվի հուսախաբ անել վարչապետին և նրան հանրության աչքում սևերես թողնել՝ նրա բարձրագոչ, վստահ հայտարարություններին համահունչ որոշումներ չկայացնելով։ Այս առումով ևս անմեղության կանխավարկածի խախտման դեպքերը մտահոգիչ են և կանխակալ կարծիք են ձևավորում այս կամ այն մեղադրյալի և նրանց նկատմամբ հարուցված գործերի մասին, արատավորում են մարդկանց հեղինակությունն ու վարկանիշը, ինչպես նաև նրանց ղեկավարած կառույցները։ Հիշենք, թե ինչպես հանրության աչքում նման մեխանիզմներով զրոյացվեցին թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի, թե Հանրային խորհրդի վարկանիշը։ Օրինակներ շատ կարելի է բերել։

Թագուհի Ասլանյան