Իրավացի է Նիկոլ Փաշինյանը` Սատանան իսկապես մանրուքների մեջ է, հենց դրանցում էլ բացահայտեցինք «փաշինյանական սատանային»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում լայվով դիմելով «սիրելի հայրենակիցներ»-ին ու կրկին անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նվիրած գրչի թեմային, մտքի հաճախակի կրկնությամբ աչքի ընկնող այդ ճոռոմաբանության ընթացքում խճճվեց իր իսկ կողմից հյուսվող «սարդոստայնում», այլ կերպ ասած, թալաքն ընկավ:

Կապանում ս. թ. հունվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացնելով, թե Հրայր Թովմասյանը 2018թ. մայիսից սկսած, սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել իրեն, սակայն ինքը մերժել է նրան («…և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը»), որովհետև «կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն» ոչ ունեցել է, ոչ ունի, ոչ էլ կունենա, դրանից հետո հանդիպելով Թովմասյանի կողմից իրեն ծառայությունների առաջարկման վերաբերյալ ասածն ապացուցելու պահանջին, հաջորդ օրն իբրև ապացույց ներկայացրեց ՍԴ նախագահի կողմից իրեն նվիրած գրիչը:

Հանրության խիստ բացասական արձագանքից, ոմանց նույնիսկ ծաղրուծանակից հետո հավանաբար հասկանալով, որ ինքն իրեն խայտառակ վիճակում է դրել, մեր «հերոսը» երեկ իր ֆեյսբուքյան լայվով անդրադառնալով նախօրեից հանրության կողմից առավել քննարկվող թեմաներից մեկին` Թովմասյանի նվիրած գրչի թեմային, մեջբերեց հայտնի ասացվածքը` «Սատանան մանրուքների մեջ է», այնուհետև անցավ իրեն բնորոշ «կրուտիտի», դեմագոգիայի, մանիպուլյացիայի և ուշադրությունը բուն խնդրից շեղելու հնարքներին, փորձեց գրիչի վերաբերյալ իր ասածը ցեխից հանել, միաժամանակ հերքել Հրայր Թովմասյանին անձնական հետապնդման ենթարկելու փաստը (լափշաները, սակայն, նախատեսված էին միայն իրադարձություններին անտեղյակների ականջների համար):

Քանի որ Փաշինյանը նորից հիշեց Սատանային, իրեն էլ հիշեցնենք ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին արդեն բավական ժամանակ տված հանձնարարականի մասին` պարզել որոշ շրջանակների և Սատանայի համագործակցության ձևերը և ուղիները: Ի՞նչ եղավ, ԱԱԾ-ն կատարե՞լ է վարչապետի այդ հանձնարարականը, չէ՞ որ, ինչպես Փաշինյանն այն ժամանակ ասած, «ազգային անվտանգության խնդիր ա»: Ի դեպ, ԱԱԾ-ում հավանաբար գիտեն, որ Փաշինյանն ինքն էլ ազգային անվտանգության խնդիր է…

Իրավացի է Նիկոլ Փաշինյանը` Սատանան իսկապես մանրուքների մեջ է, պարզապես այդ մանրուքներին պետք է ուշադրություն դարձնել, ինչն անելով, դրանցում բացահայտեցինք «փաշինյանական սատանային»:

«Եվ սա մեկուկես տարվա պատմությունն ա, որ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի շուրջ,- իր երեկվա լայվի ընթացքում ասաց Փաշինյանը:- Հիմա էս պատմության ևս մի կարևոր դետալ, որպեսզի ճշմարտությունն ամբողջական լինի… էս ամբողջ ինֆորմացիային իրա բոլոր դետալներով տիրապետում է 3 հոգի, 3 հոգի ա, որ էս պատմությունը ծերից ծեր գիտի, բայց էդ 3 հոգուց 2-ը էսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլև գործող իշխանության և իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետև իրանց հետ կապված հարցե՜ր կա, էլի նույնն ա, երբ որ հարց ա եղել, ես կենկրետ սկզբունքային եմ գտնվել և ասել եմ` չպատասխանված հարցեր պետք ա չլինեն, և ասել եմ` պետք ա քննվեն, ով ուզում ա լինի…»:

Ինքնըստինքյան պարզ է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի և իր շուրջ վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցածի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությանը` բոլոր դետալներով, տիրապետողներից մեկը հենց Հրայր Թովմասյանն է: Երկրորդի մասին խոսելով էլ Փաշինյանը գուցե նկատի ուներ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին կամ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ըստ վարչապետի, այդ երկրորդն ընդդիմադիր է գործող իշխանության և իր նկատմամբ, իսկ ոչ փաշինյանական ճամբարում գտնվողներից ՀՀ-ում առավել իրազեկները կամ առավել իրազեկներից երկուսը նրանք են:

Իսկ ո՞վ է երրորդ անձը… Պարզ տրամաբանությունը հուշում է, որ Փաշինյանն ինքը, քանի որ ՍԴ-ի շուրջ ամբողջ տեղեկատվության` իր բոլոր դետալներով, մասին կարող է խոսել միայն այն մարդը, որը տեղյակ է այդ ամբողջ տեղեկատվությանը: Բա այդ դեպքում ո՞ւր մնաց ՀՔԾ քննիչը… Չի ստացվո՞ւմ, որ այդ դեպքում կամ առնվազն 4 հոգի են տիրապետում ամբողջ տեղեկատվությանը (այսինքն` Փաշինյանն էլի ստել է), կամ էլ քննիչը ամբողջ տեղեկատվությանը չտիրապետելով է մեղադրանք առաջադրել Թովմասյանին ու քննում գործը… Մեկ այլ խնդիր է, թե Փաշինյանն ինչպե՞ս է դարձել իր բոլոր դետալներով ամբողջ տեղեկատվության տիրապետող, չէ՞ որ անկախ Փաշինյանի զբաղեցրած պաշտոնից, գործը քննող քննիչն այդ տեղեկատվությունը, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, նրան փոխանցելու իրավունք չուներ ու չունի:

Անդրադառնանք գրիչը նվիրելու վերաբերյալ Փաշինյանի կատարած գրառմանը: Հրապարակելով Հրայր Թովմասյանի նվիրած գրչի լուսանկարը, վարչապետը կից գրառման մեջ նշել է.

«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ:

Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:

Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր»:

Այնուհետև Թովմասյանին վերագրելով խոսքեր, արարքներ, որոշակի վերաբերմունք, որը չի ապացուցել ու դատարանում չի էլ կարողանալու ապացուցել, Փաշինյանը շարունակել է.

«Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի, թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:

Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:

Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար»:

Հրաշալի է, որ, ըստ Փաշինյանի, այդ ամենը տեղի է ունեցել տեսախցիկների առջև, այդ դեպքում վարչապետն ինչո՞ւ մինչև հիմա չի հրապարակել այդ տեսախցիկներից գոնե մեկով կատարված տեսագրությունը, որով կապացուցեր, որ ինքը փորձել, նույնիսկ համառորեն է Թովմասյանի գրիչը վերադարձնել, իսկ նա համառորեն հրաժարվել է Փաշինյանի հանդեպ իր քծնանքի, շողոքորթության այդ արտահայտությունն ու «հավատարմության առհավատչյա»-ն հետ ընդունել: Տրամաբանությունը չի՞ հուշում, որ եթե ստած չլիներ, հրապարակած կլիներ… Հակառակը` հրապարակված տեսանյութում  չկա գրիչը վերադարձնել փորձելու պահը, ավելին` այն վկայում է, որ Փաշինյանը պարզապես ստում է: Փաշինյանը գրիչը վերցնում է հենց այն պահին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է` «Ուզում եմ տեղյակ պահել, որ հանրապետության վարչապետը կարճ ժամանակով ի պաշտոնե պետք է մեզ լքի»: Սա նշանակում է, որ Փաշինյանը դրանից հետո հեռացել է սեղանի ետևում նստած Թովմասյանի ու մյուսների մոտից, այդ դեպքում Փաշինյանն ինչպե՞ս է փորձել վերադարձնել գրիչը…

Արթուր Հովհաննիսյան