Արցախում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 26-ին

Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել փետրվարի 5-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածը:

Այս մասին այսօր կայացած ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Նրա խոսքով՝ ԿԸՀ-ում թեկնածուների և կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 18:00-ն:

«Նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը կտրվի փետրվարի 26-ին և կշարունակվի մինչև մարտի 29-ի ժամը 24:00-ը: Նոր օրենսդրությամբ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար կանցկացվի վիճակահանություն, որի արդյունքներով ֆիքսված թվերի հերթականությունը կպահպանվի ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում՝ անկախ նրանից՝ ընթացիկ ինքնաբացարկներ կլինե՞ն, թե ոչ: Վիճակահանությունը կիրականացվի թեկնածությունների գրանցման վերջին օրը՝ փետրվարի 25-ին: Նիստը բաց է լինելու լրագրողների, թեկնածուների, նրանց լիազոր ներկայացուցիչների, վստահված անձանց համար»,- ավելացրել է Ս. Արզումանյանը: