Հանրապետության հրապարակի տակ հայտնաբերված քաղաքը չի կարելի պեղել, պետք է ցուցադրել այնպես, ինչպես կա

Հնագետ, արևելագետ, պատմաբան Զոհրաբ Մուղդուսյանը կողմ է, որպեսզի Հանրապետության հրապարակի ստորգետնյա կառույցները բացվեն և ցուցադրվեն։

«Ցանկացած հնագիտական շերտ, որը վերաբերում է մեր պատմությանը, անհրաժեշտ է ոչ միայն պահպանել, այլև ցուցադրել։ Այդ դարաշրջանի ցուցադրվող շերտ մենք Երևանում չունենք։ Տարիներ առաջ, երբ այդ շերտը բացվեց, իշխանությունները մտահոգություն հայտնեցին, որ այն ցուցադրելու համար բացելու դեպքում կարող է խաթարվել Հանրապետության հրապարակի տեսքը, ամբողջականությունը և դրանից զերծ մնալու պատճառաբանությամբ էլ այդ շերտը նորից փակվեց։ Դա, կարծում եմ, սխալ լուծում էր։ Այդ շերտը պետք է բացել, թեկուզ ոչ ամբողջությամբ, մուտքը կարելի է հրապարակից դուրս անել, օրինակ՝ Պատմության պետական թանգարանի հետևի մասից գետնափոր մուտք կարելի է բացել։ Այդպես Հրապարակի ամբողջականությունն էլ չի խաթարվի։ Մայրաքաղաքի հնագույն շերտը նաև մեծ գրավչություն կունենա զբոսաշրջիկների համար, հազարավոր տուրիստների կհրապուրի»,- մեզ հետ զրույցում ասաց հնագետը։

Իսկ որպեսզի Աբովյան փողոցը շարունակի ծառայել մեքենաների և անցորդների համար, մնա անցանելի, նա առաջարկում է այնպիսի լուծում կիրառել, ինչպիսին Բաղրամյան պողոտայի վերևի հատվածում է կամ Զեյթունում Ազատության պողոտայի մի հատվածում։ Նրա մտահղացմամբ՝ կարելի է մինչև Կառավարության երկրորդ շենքը ձգվող կամրջակով Աբովյան պողոտան կապել այդ հավածի հետ, իսկ ներքևի մասում հնարավորություն ստեղծել երևանյան հնագույն շերտը պահպանող թանգարանային հատվածը տեսանելի դարձնել՝ օրինակ ապակիով գետնի այդ մասը ծածկելով։

Զոհրապ Մուղդուսյանն ասում է, որ մայքաղաքաում 17-րդ դարի շինություններ չեն պահպանվել, եղածը քանդել են, ավերել, ուստի այդ վերջին մոհիկանի հետ շատ զգուշավոր է հարկավոր վարվել, անպայման պահպանել և ցուցադրել՝ թանգարան դարձնելով։ Ըստ նրա՝ այդ հարցի վերաբերյալ երկրորդ կարծիք չի կարող լինել։

Հարցին, թե հայտնաբերված գետնահարկ նկուղները ինչ նպատակով կարող էին կիրառված լինել ժամանակին, նա ասաց, որ չի բացառվում՝ դրանք որպես մառաններ, գինետներ կամ տնտեսական այլ նշանակությամբ օգտագործված լինեն։ Դա պարզելու համար պետք է ուսումնասիրել կառույցները։ Մինչև այսօր դրանք չեն ուսումնասիրվել։ Երբ առաջին անգամ 2003 թվականին հրապարակը բարեկարգելու ժամանակ ասֆալտե շերտի տակ այդ նկուղները հայտնաբերվեցին, մասնագետներին, հնագետներին շատ քիչ ժամանակ տրվեց այդտեղ լուրջ ուսումնասիրություններ կատարելու համար։ Եվ փաստացի այդ պատմական շերտի մասին մենք առայժմ հստակ ոչինչ չգիտենք։

Մասնագետը սակայն դեմ է, որ հնագիտական հատվածում պեղումներ արվեն։ Նա ասում է, որ միայն կարելի է բավարարվել այնպիսի ուսումնասիրությամբ, որը թույլ կտա բացահայտել այդ կառույցների հնությունը՝ կառուցման տարեթիվը և պատմական արժեքը, այսինքն՝ թե ինչ նպատակով են կիրառվել, ինչ հնարավոր լեգենդներ կարող են կապված լինել դրանց հետ։ Իսկ լուրջ պեղումներին, նրա համոզմամբ, մենք դեռ պատրաստ չենք։

«Կան մասնագետներ, որոնք կողմնակից են, որպեսզի այդ հնագիտական շերտը չբացվի, այսինքն պեղումներ դեռ չկատարվեն այդտեղ, և այդ շերտը ցուցադրվի այնպես, ինչպես կա։ Ես կողմնակից եմ դրան՝ տեսնելով, թե պեղումների ժամանակ ինչ վանդալիզմի են ենթարկվում հուշարձանները։ Այսօրվա գործող հնագետները պեղում են միայն, իսկ կոնսերվացման, պահպանւթյան մասին չեն մտածում, չեն հասկանում՝ ինչ է կոնսերվացումը, պեղումներ են անում, նյութերը հանում են, իսկ հուշարձանն այդպես մնում է՝ արտաքին գործոնների ազդեցության տակ։ Որոշ ժամանակ անց սկսում է քայքայվել, ավերվել և վերանում է որպես հուշարձան»,- իր մտահոգությունը հայտնեց մեր զրուցակիցը։

Որպես օրինակ նա ներկայացրեց Քարահունջի բնակարանատիպ շինությունները։ Դրանք հազարամյակներ առաջ թաղերի կառուցման հետաքրքիր, յուրօրինակ օրինակներ էին։ Ճարատապետական միտքը հազարամյակներ առաջ այնքան զարգացած է եղել, որ նրանք շատ ամուր թաղեր են կառուցել, որոնք դիմակայել են անգամ ավերիչ երկրաշարժերին, չեն քանդվել, բայց քանդվեցին հնագետների ձեռքով։ Մենք այդ նմուշները փաստորեն կորցրեցինք։

«Դեռ Քսենոֆոնն իր գրքում գրել է՝ երբ իրենք Պարսկաստանից Հայաստանով տուն էին վերադառնում, ճանապարհին հանդիպել են գետնափոր տների։ Այդ ճանապարհը Սյունիքով էր անցնում և փաստորեն դեռ 4-րդ դարում այդ գետնափոր տները գոյություն են ունեցել։ Քանի որ Սյունիքում անգամ ամռանը գիշերները շատ ցուրտ է լինում, այդ ցրտից պատսպարվելու, պաշտպանվելու համար մարդիկ նախընտրել են գետնափոր տներում ապրել։ Դրանով է պայմանավորված այդ տիպական բնակավայրերի գոյությունը։ Մինչդեռ հնագետները դրանք պեղել են որպես դամբարաններ, թեև ակնհայտ էր, որ այդ տները դամբարաններ չեն։ Այդպես այդ բնակավայրերն ավերվեցին։ Իմ հաշվարկով դրանց թիվն անցնում էր մեկ տասնյակը, և այսօր որևէ մեկը չի պահպանվել, գոյություն չունի նաև կամարաձև թաղերից որևէ նմուշ։ Հանրապետության հրապարակի շինությունները կավով են շաղախվել և բավականին զգայուն են ցանկացած արտաքին ազդեցության նկատմամբ։ Պեղումների համար դրանց հիմքերը պետք է բացվեն, պատերի հիմքերը քանդվեն ու այդպես թողնելու են։ Արդյունքում դրանք էլ կարող են վերանալ։ Պետք է այդ գործը ժառանգեն հաջորդ սերունդներին, որոնք տեխնիկապես ավելի զինված կլինեն և ավելի լավ պեղումներ կանեն»,- ասաց հնագետը։

Ինչ վերաբերում է պատմական շերտը ցուցադրելուն, ապա դրա համար ճարտարապետները պետք է լուծումներ առաջարկեն։ Զոհրաբ Մուղդուսյանը համոզված է, որ մենք ունենք այնպիսի ճարտարապետներ, որոնք կարող են լավագույնս այդ հարցը ուծել։

Թագուհի Ասլանյան