Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չի ունեցել

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, որին այսօր՝ կեսօրից հետո մահացած են հայտնաբերել, Հատուկ քննչական ծառայությունում որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չի ունեցել:

Այս մասին, Tert.am-ի տեղեկացմամբ, ասել են ՀՔԾ մամուլի ծառայությունից, պատասխանելով հարցին, թե արդյոք որևէ գործ կար Գեորգի Կուտոյանին առնչվող:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 8/1 հասցեում գտնվող իրեն պատկանող բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայրում են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ: