Խորհրդարանն ընդունել է այս և նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ լրատվական ծառայությունը։

Պատգամավորներն ավարտել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի  տարեկան գործունեության մասին հաղորդման քննարկումը՝ լսելով հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի եզրափակիչ ելույթը: Անդրադառնալով պատգամավորների հնչեցրած հարցերին և մտահոգություններին, նա նշել է, որ հանձնաժողովն առաջիկա տարիների ծրագիրը կկազմի՝  հաշվի առնելով դրանք:

Հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ, նախագծով առաջարկվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման համար վերջնաժամկետ սահմանել 2021 թվականը՝ 2019-ի փոխարեն:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է այս, ինչպես նաև նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Սպառելով օրակարգը՝ ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: