Էդուարդ Լիմոնովը՝ Վլադիմիր Պուտինին. «Կովկասում մենք ոչ ոք չունենք, բացի հայերից»

Էդուարդ Լիմոնովը՝ չափազանց անմիանշանակ հեղինակություն ու կենսագրություն ունեցող, սկանդալային ժամանակակից ռուս գրողը, օրերս հրապարակավ խորհուրդ է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Ռեգնումում» հրապարակված «Արցախն ուժեղի իրավունքով Արծիվ է, հեռավոր բարձրունքից վեր ելած…» վերնագրով իր հոդվածը Լիմոնովը սկսել է հենց այդ խոսքերով. «Խորհուրդ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին»։

Կարծում եմ, մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի տեղեկանալ, թե ինչ խորհուրդ է տվել ՌԴ նախագահին այդ մարդը, որը կապված է Դոնբասի «Ռուսական շարժման» հետ, առնչություն ունի Բալկաններին և շփումներ՝ սերբ հայրենասիրական շրջանակների հետ։ Այս մասին նշում եմ, որպեսզի Արցախի վերաբերյալ նրա մի շարք արտահայտությունների իմաստը հասկանալի լինի Հայաստանի և ԼՂՀ-ի քաղաքացիներին։

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, դու ազդեցություն ունես Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա։ Համոզիր թուրք նախագահին հայերին տալ Արարատ լեռը (5165 մետր)։ Ինչ-որ բարիքների դիմաց։ Ըստ էության, թուրքերին Արարատը բացարձակապես պետք չէ, Արարատը նրանց ի՞նչ, իսկ, ահա, հայերին շատ է պետք։ Հայկական պետականության և ազգի այդ խորհրդանիշը գտնվում է Հայաստանի սահմանից 28 կիլոմետր հեռավորության վրա, քամահար ու ցրտաշունչ Հայկական բարձրավանդակում։ Հայերն այնքան երջանիկ կլինեն ստանալ այդ նվերը, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դիմանկարն առհավետ կզարդարի հայկական յուրաքանչյուր տան պատը»,- խորհուրդ է տալիս Լիմոնովն իր երկրի նախագահին։

Այնուհետ ռուս գրողն արդեն անցնում է Արցախի մասին խոսակցությանը․ «Արցախի Հանրապետություն տանող նոր ճանապարհը մոտ մեկ ժամից ավելի անցնում է կապույտ Սևանա լճի երկայնքով (բարձրությունը ծովի մակերեսից՝ մինչև 1900 մետր), այնուհետ շրջանցում բարձր լեռները։ Անցած անգամ ես այնտեղ մեկնեցի 2017-ի ամռանն արդեն նոր ճանապարհով։ Միայն թե դա  անավարտ ու վտանգավոր էր։ Ներկայումս ճանապարհը բարեկարգված է, եզրապատվարը՝ տեղադրված, իսկ անդունդների ճեղքերը փակված են բետոնե սալերով։ Հինգ-վեց ժամ անց հասնում ենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Ըստ էության, դա իր դիրքով վերջին քրիստոնեական պետության մայրաքաղաքն է։ Քրիստոնեության վերջին միջնաբերդը։ Թող մոսկվացիները մտորեն այդ մասին։ Այնտեղ բոլոր կողմերից Իսլամի երկրներ են։ Եվ եթե Իրանը (այն բնակեցված է շիաներով) Արցախին բարեկամաբար է վերաբերվում, ապա մյուս բոլոր երկրները, առաջին հերթին Ադրբեջանը՝ թշնամաբար։ Իսկ ուրիշ ինչպե՞ս կարող են վերաբերվել։

Այն առնչությամբ, թե ով իրավունք ունի այդ հողերի նկատմամբ. հենց ղարաբաղցիներն էլ ունեն։ Ղարաբաղի հայերը (նրանց թվաքանակը 160 հազարից էլ քիչ է) 7-միլիոնանոց Ադրբեջանից ավելի ուժեղ գտնվեցին։ Ղարաբաղցիները պատրաստ էին զոհաբերել զգալի քանակութամբ կյանքեր և զոհաբերեցին, հետևաբար՝ հենց նրանք իրավունք ունեն ապրել այդ հողի վրա և մշակել այն։ Սեփական ուժի համար ներողութուն խնդրել պետք չէ։ Տիրում են Արցախին ուժեղի իրավունքով (ես վստահ եմ, որ իդեալականացնում եմ ղարաբաղցիներին, բայց այդպես եմ ուզում և այդպես ինձ դուր է գալիս։ Իսկ Ռուսաստանը, իմ կարծիքով, զուր է ցանկանում բարեկամական հարաբերություններ ունենալ բոլորի հետ։ Պետք չէ բոլորի հետ ընկերություն անել։ Պետք է ընտրել, թե ում։ Կովկասում մենք ոչ ոք չունենք, բացի հայերից

Ստեփանակերտն այդպես են անվանել Ստեփան Շահումյանի պատվին, քաղաքը համեմատաբար նոր է, մաքուր, գեղեցիկ, ամեն ինչ էժան է։ Ըստ էության, ես այնտեղ թռա ռազմական թղթակիցների թիմի հետ, այնպես որ, մեր հիմնական նպատակը շփման գիծ ընկնելն էր, այնտեղ, որտեղ Արցախի և Ադրբեջանի զինվորականները նստած են քիթ-քթի և մշտապես պատերազմի են սպասում։ Քչերը գիտեն, որ այստեղ ևս, Դոնբասից շատ առաջ,  նույնպես Մինսկի համաձայնագրեր սկսեցին գործել։ Եվ, ինչպես և Դոնբասում, այստեղ էլ զինվորականները նզովում են դրանք։

Սկզբում զինվորականները մերժեցին մեզ. Իբրև՝ լարված է հիմա, չի կարելի, ոչ մեկին չենք թողնում։ Բայց Ստեփանակերտում նոր եկեղեցու բացման ժամանակ ինձ ճանաչեց Արցախի նախագահը և խոսեց հետս։ Ես խնդրեցի նախագահին ազդել զինվորականների վրա, որ թողնեն մեզ շփման գիծ։ Ինչն էլ արվեց։ Նկարահանեցինք այն ամենը, ինչ թույլ տվեցին։ Մնացածը ռազմական գաղտնիք է։

Արցախի Հանրապետություն կատարած այդ ուղևորության ժամանակ ես հընթացս հարստացա լրացուցիչ գիտելիքներով, մասնավորապես՝ շատ բան իմացա կոպտերների (թռչող տեսախցիկների) մասին։ Հեռուստաօպերատորներից, որոնց ես ուղեկցում էի (կամ իրենք էին ինձ ուղեկցում) իմացա կոպտերների մասին հետևյալ տեղեկությունները։ Նախ՝ ծանոթացա դրանց տեսակներին, գներին, տեսա գործողության մեջ։ Երկրորդ՝ տեղեկացա, որ կոպտերների ամենաոխերիմ թշնամիները թռչուններն են, մասնավորապես, անձամբ ականատես եղա, թե ինչպես են արծիվները հետաքրքրություն ցուցաբերում կոպտերների նկատմամբ և փորձում որսալ, գրոհել դրանք։ Երրորդ՝ իմացա կոպտերը ոչնչացման զենքի վերածելու պարզագույն բաղադրատոմսը։ Կոպտերին ամրացվում է սովորական բաժակի մեջ տեղադրած նռնակ, որի պահանակի օղակը հանած է։ Ժողովրդական հմտագործներն այնպես են իջեցնում կոպտերը, որ բաժակը կոտրվում է և… խնդրեմ, պայթյուն։ Այդ մեթոդը հորինել են ԻԼԻՊ-ի չարագործները, իսկ հիմա օգտագործում են բոլոր չծուլացողները. և՛ Սիրիայում, և՛ Դոնբասում։

Մենք, իմիջիայլոց, մեր ունեցած կոպտերն օգտագործում էինք բացառապես խաղաղ նպատակներով, առաջին անգամ՝ Դադիվանքը (V-XIII դարեր) նկարահանելու համար։ Երկրորդ անգամ՝ Ստեփանակերտի կենտրոնում նոր եկեղեցու բացման ժամանակ, այնուհետ բազմաթիվ անգամ ավերված Շուշիի ճնշող լանդշաֆտի վրա։ Շատ էինք ուզում օգտագործել կոպտերը շփման գծի տարածքներում, ուր մեզ թողել էին հանրապետության նախագահի կարգադրությամբ, բայց թույլ չտվեցինք մեզ դա անել, քանի որ խոստացել էինք նկարահանել միայն խոշոր պլաններ։ Ռազմական գաղտնիքները թշնամուն չմատնելու համար։

Արցախի Հանրապետությունը (նույն ինքը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ընդհանրապես գտնվում է մերձարևադարձային գոտում։ Դրա համար էլ այնտեղ արդեն ապրիլի սկզբին բույսերի կեսը ծաղկում ու բուրում է, թարմ խոտը պատում է լեռնալանջերը, և արևն էլ, եթե հայտնվում է, արդեն վառում է մաշկդ։ Թիթեռները թռչում են, կենդանիները՝ ուրախանում, պահակետերում կանգնած զինվորները՝ նույնպես։ Արցախի սարերում, ի դեպ, կան և՛ վարազներ, և՛ այծյամներ, և՛ նույնիսկ արջեր։ Դրանք լուրջ, թավ անտառներով պատված լեռներ են։ Երբ վերադառնում էինք Հայաստան, խոշոր նապաստակ տեսանք։ Պետք չէ կարծել, թե Արցախը փոքրիկ հանրապետություն է։ Դա լեռնային մեծ հանրապետություն է։ Ինձ միշտ հոգեհարազատ են եղել և մնում լեռնային հանրապետությունները։ Այդ պատճառով էլ իմ կենսագրության ուղին անցել է Լեռնային Ալթայով ու Տաջիկստանով, լեռներում գտնվող սերբական ապստամբ անկլավներով, Կնինսկի Կրաինայի Հանրապետությունով, մասնավորապես։ Ի դեպ, ծնունդով Կնինսկի Կրաինայից է Գավրիլա Պրինցիպը» (ընդգծումները՝ մերը)։

Ահա այսպիսի ռուս գրող կա մեր՝ ներկայումս ապրողների մեջ։ Հավատացնում եմ՝ Հայաստանում ու Արցախում ապրող յուրաքանչյուրին. առիթի դեպքում ՌԴ նախագահ Վ. Պուտինն անպայման կընդունի Էդուարդ Լիմոնովին և անպայման ինչ-որ բան կպատասխանի գրողի տված խորհրդին… Նրանք ընկերներ չեն, բայց ժամանակ առ ժամանակ հանդիպում են։ Հենց, թեկուզ, Դոնբասի իրավիճակի հետ կապված…

 

Սերգեյ Շաքարյանց