Հերթական ապօրինությունները կրթօջախում․ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ, տնօրենին մեղադրանք է առաջադրվել:

Նախնական քննության տվյալների համաձայն, Տավուշի մարզի բնակչուհին՝ ծնված 1974թ., 2013թ․ օգոստոսից մինչև 2018թ․ սեպտեմբերն զբաղեցնելով «ՀՀ Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, յուրացրել է իրեն վստահված գույքը:

Մասնավորապես՝ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենը 2015թ․ հունվարից նշված ՊՈԱԿ-ում դստերն ընդունել է աշխատանքի որպես գործավար, իսկ 2017թ․ հունվար ամսից՝ ամուսնուն՝ որպես պահակ-դռնապան, սակայն վերջիններիս կողմից աշխատանքի փաստացի չհաճախելու պայմաններում, իր կողմից կազմվող աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով դստեր և ամուսնու կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ, փաստաթղթերը վավերացրել է իր ստորագրությամբ, որի արդյունքում նրանց հաշվեհամարներին որպես աշխատավարձ ելքագրվել ու փոխանցվել է խոշոր չափերի գումար:

Բացի դրանից, նույն դպրոցի տնօրենը 2015թ․ օգոստոսից քրոջը՝ դպրոցի մանկական կոլեկտիվի կազմակերպչին, ընդունել է նշված ՊՈԱԿ-ում որպես գիշերային պահակ, սակայն վերջինս որպես գիշերային պահակ չի հաճախել աշխատանքի: Դպրոցի տնօրենը, սակայն, չի գրանցել նրա բացակայությունները և 2015թ․ օգոստոսից մինչև 2016թ․ հունվար, հաստատելով աշխատավարձերի ցուցակները, քրոջ հաշվեհամարին որպես աշխատավարձ փոխանցել է ընդհանուրը 168 065 դրամ գումար՝ պետությանը պատճառելով զգալի չափերի վնաս:

Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենին ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: