Մաղավուզ գյուղում բացվել է զոհված ազատամարտիկների հուշահամալիր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ և մասնակցել բնակավայրի ազատագրման 26-ամյակի շրջանակներում զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների և հանդես եկել ելույթով:
Բակո Սահակյանը նշել է, որ մաղավուզցիները միշտ էլ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ՝ ակտիվորեն մասնակցելով հայրենիքի պաշտպանության գործին: Նախագահը կարևորել է Մաղավուզի ազատագրումը՝ որպես մեր ազգային-ազատագրական պայքարի նշանակալի հաղթանակներից մեկը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր բոլոր հաղթանակների ամրապնդման լավագույն միջոցը հայրենի երկրի զարգացումն ու զորացումն է՝ անհրաժեշտ համարելով վերականգնել Մաղավուզի երբեմնի համբավն ու տնտեսական ներուժը: