Գիտնականներն Անտարկտիդայում հայտնաբերել են մոտեցող գլոբալ աղետի «նախագուշակը»

Հետազոտողների կարծիքով, սառույցների հալոցքի արագությունը Անտարկտիդայում վերջին տարիներին աճել է վեց անգամ։ Վերջին 40 տարիների անտարկտիկական սառույցի զանգվածի ամենամյա կորուստն ավելացել է վեց անգամ։

Նման եզրակացության են հանգել Իրվայնի Կալիֆորնիական համալսարանի, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի և Ուտրեխտի համալսարանի հետոզոտողները։

Գիտնականների աշխատանքը հիմնված էր աերոլուսանկարների, ինչպես նաև արբանյակային լուսանկարների վերլուծության վրա։ Փորձագետները հանգել էին այն եզրակացությանը, որ 1979-ից մինչև 1990թ․ ժամանակահատվածում Անտարկտիդան կորցրել է 40 գիգատոննա սառույց, մինչդեռ ավելի ուշ այդ թիվը բազմապատիկ ավելացել է՝ տարեկան մինչև 252 գիգատոննա։

Ընդ որում, հետազոտողները հավաստիացրել են, որ սառույցներն ավելի արագ են հալչում Արևելյան Անտարկտիդայում։ Գիտնական Էրիկ Ռիգնոյի խոսքերով, այդ տարածաշրջանը, ամենայն հավանականությամբ, ամենազգայունն է կլիմայի փոփոխության նկատմամբ։

«Դա ընդամենն այսբերգի գագաթն է,- նշել է նա։- Քանի որ Անտարկտիկական սառցե վահանը շարունակում է հալչել, մենք կանխատեսում ենք, որ առաջիկա հարյուրամյակներին ծովի մակարդակը կբարձրանա մի քանի մետրով»։

Կլիմայագետ Անդրեյ Կիսելյովի խոսքերով, Երկրագնդի սառույցի մոտ 90%-ը բաժին է ընկում հենց Անտարկտիդային։ Վերջին քառորդ դարի ընթացքում օվկիանոսի մակարդակն աճել է 7,5 սմ-ով, ընդ որում, այդ միտումը շարունակվում է։

Կիսելյովը հավելել է, որ 21-րդ դարավերջին Համաշխարհային օվկիանոսի մակարդակն ընդհանրապես կարող է ավելացած լինել գրեթե 60 սմ-ով։ RT-ն նշել է, որ դա սպառնալիք կդառնա ոչ մեծ  կղզի-պետությունների համար, որոնք կարող են ջրի տակ անցնել։

Ավելի վաղ NASA-ի հետազոտողներն ակներևաբար ցույց են տվել, որ անցած հարյուրամյակի ընթացքում Անտարկտիդայում ձյան տեղումների աճը կասեցնում էր ծովի մակարդակի բարձրացումը 0,4 դյույմով։ Բայց այժմ սառույցն ավելի արագ է հալչում, քան սառում է ձյունը։