Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձանց ինքնությունը (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Տեղեկացնելով այս մասին, ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունվարի 17-ի  վաղ առավոտյան հիշյալ ստորաբաժանումների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները Երևանի Նորագյուղ թաղամասի Ամերիկյան փողոցի տներից մեկում հայտնաբերել ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի Ա. Շամիլովին:
Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Շարունակվում են միջոցառումները նրա հանցակցին՝ Վրաստանի քաղաքացի Ա. Անանիկյանին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու միջոցառումները:

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են երկու տղամարդ զրուցելով բարձրանում ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետևից: Այդ ընթացքում նրանցից մեկը բացահայտ հափշտակում է Ռաֆայել Քոթանջյանի դրամապանակն ու փախչում: Դրամապանակում եղել էին գումար, քարտեր և անձը հաստատող փաստաթուղթ: Դեպքը տեղի էր ունեցել մայրաքաղաքի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկի գետնանցման աստիճանահարթակին: Հարուցվել էր քրեական գործ՝ կողոպուտի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: