Աղոթում եմ Ձեր և Ռուսաստանի ժողովրդի համար․ Հռոմի պապը ողջույններ է հղել Պուտինին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջույնի հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես տեղեկացրել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, ողջույնը հղվել է Պապի՝ Ճապոնիայից Ռուսաստանի օդային տարածքով Հռոմ վերադառնալու ճանապարհին:

«Նորին գերազանցություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ես սրտանց ողջունում եմ Ձեզ՝ Թաիլանդից և Ճապոնիայից Հռոմ վերադառնալիս թռիչք կատարելիս Ռուսաստանի վրայով: Վստահեցնում եմ Ձեզ, որ աղոթում եմ Ձեր և Ռուսաստանի Դաշնության ժողովրդի համար՝ ցանկանալով Աստծո օրհնությունը, խաղաղություն և ուրախություն»,- նշված է հեռագրում:

Պապի ուղերձներն այն երկրների նախագահներին, որոնց տարածքի վրայով թռիչք է կատարում պապական ինքնաթիռը, արդեն կայացած պրակտիկա է: Պապի՝ Տոկիոյից Հռոմ վերադարձի ճանապարհի մեծ մասն անցել է ՌԴ օդային տարածքում:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի և ՌԴ նախագահի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին Վատիկանում: Կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու մոտ դիրքորոշումները մի շարք հիմնական հարցերում, ներառյալ՝ քրիստոնյաների պաշտպանությունը՝ այդ թվում Մերձավոր Արևելքում և քրիստոնեական արժեքների պահպանումը: