Նախարար Արայիկ Հարությունյանը «հաթաթա» տվեց վաստակաշատ գիտնականներին (տեսանյութ)

Ուսանողների երկշաբաթյա բողոքի ցույցերի, նստացույցի ու դասադուլի ճնշման տակ, ի վերջո, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդառաջ գնաց պահանջին և նախօրեին հանդիպեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Ի՞նչ տվեց երկու ժամ տևած  հանդիպումը: Նկատենք, որ խիստ բացասական տպավորություն է թողել նախարարի պահվածքը, արդարացիորեն քննադատվեց նրա հեգնախառն խոսելաձևը բազմավաստակ գիտնականների, դասախոսների հետ: Սրանով նա, փաստորեն, արտահայտեց թե՛ Մայր բուհի, թե՛ հայագիտական առարկաների նկատմամբ իր արհամարհական վերաբերմունքը: Վաստակաշատ գիտնականների մտահոգությունները, դիտարկումները լսելու փոխարեն, Արայիկ Հարությունյանը հանդես եկավ նախահարձակ դիրքերից՝ քննադատելով դասախոսներին։

«Հանդիպումը ցույց տվեց, որ պետական պաշտոնյան ԵՊՀ-ի  պրոֆեսորադասախոսական կազմին վերաբերվում է այնպես, ինչպես չի վերաբերվել վերջին 100 տարում որևէ պաշտոնյա։ Նկատի ունեմ նաև խորհրդային իրականությունը, երբ համալսարանի ընդհանուր ժողովին մասնակցելու համար Կոմկուսի առաջին  քարտուղարները երկար պատրաստվում էին,  որովհետև գիտեին՝ իրենց առաջ ելույթ են ունենալու գիտակ, երկրի հոգսով ու ցավով մտահոգ մարդիկ»,- ասաց «Մենք» հաղորդաշարի հյուրը՝ բանասիրական գիտությունների թեկնածու,  գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Գրականագետը նկատեց, որ իրականում երկխոսություն տեղի չունեցավ, քանի որ․ «Կար համալսարանի դասախոսներին «հաթաթա» տալու միտում։ Նրա (իմա՝ Արայիկ Հարությունյանի) վերաբերմունքը պատիվ չի բերում բարձր պաշտոն զբաղեցնող մարդուն»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։