Բաց նամակ ՀՀ վարչապետ պ-ն Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացի Սուսաննա Առաքելյանից

Սարսափով տեղեկացա, որ Ձեր կողմից հռչակված Նոր Հայաստանում հայերին զրկում են մուտքի իրավունքից։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ամուսինս՝ Յուրիկ Անդրանիկի Հովհաննիսյանը՝ Ղազախստանի քաղաքացի։ 1998թ.-ից ապրում ենք Ղազախստանում ամուսնուս և որդիներիս հետ։ Ես, ի միջի այլոց, Ղազախստանի Հանրապետության Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական համայնքի փոխտնօրենն եմ և Ղազախստանի հանրապետության բոլոր մարզերի հայոց լեզու ուսուցանող ուսուցիչների մեթոդիստը, միաժամանակ դասավանդում եմ Պավլոդար քաղաքի Ազգային Վերածննդի դպրոցում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն, նպաստելով հայապահպանության գործին սփյուռքում, որի համար բազմիցս արժանացել եմ տարբեր խրախուսական պատվոգրերի։ Ավագ որդիս՝ Անդրանիկ Յուրիկի Հովհաննիսյանը 2011թ.-ից ապրում և սովորում է Հայաստանում։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Այժմ սովորում է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Միաժամանակ աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր «Օրբելի» կենտրոնում՝ որպես փորձագետ։ Հայ-ռուսական համալսարանի և «Օրբելի» կենտրոնի կողմից մեկ շաբաթ առաջ գործուղվել էր Տաջիկստան՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի պետություններին նվիրված միջազգային գիտաժողովին։ Նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս Զվարթնոց օդանավակայանում որդուս արգելել են մուտք գործել ՀՀ՝ առանց որևէ բացատրության։ 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսել են Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկացնեմ, որ որդիս շատ հայրենասեր է ու պատրաստ է իր ողջ իմացությամբ օգնել Հայաստանին ու Արցախին։

Եզրակացությունը կարող է մեկը լինել. կներեք արտահայտությանս, բայց կարծեք աշխարհի քաղաքական քարտեզի վրա Ադրբեջանից բացի հայտնվել է ևս մեկ երկիր՝ Նոր Հայաստանը, որը արգելում է հայրենասեր հայերի մուտքը Հայաստան։ Ես որպես ՀՀ քաղաքացի՝ Ձեզանից պահանջում եմ պատասխան, ինչո՞ւ են ավագ որդուս արգելել մուտք գործել Նոր Հայաստան։ Թե՞ Նոր Հայաստանը այլևս հայրենասեր հայերի հայրենիքը չէ ։

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ շատ շուտով Հայաստան եմ այցելելու։ Հուսով եմ, որ իմ մուտքը ՀՀ ևս արգելափակված չէ:

Սուսաննա Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Բաց նամակ ՀՀ վարչապետ պ-ն Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացի Սուսաննա ԱռաքելյանիցՍարսափով տեղեկացա, որ Ձեր կողմից հռչակված…

Опубликовано Susanna Arakelyan Воскресенье, 17 ноября 2019 г.