Մեկ տարի՝ առանց Ազնավուրի (տեսանյութ)

Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանի մահվան տարելիցն է:

Ուղիղ մեկ տարի առաջ`հոկտեմբերի 1-ին, հայությանը, ամբողջ աշխարհին ցնցեց մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրի մահվան բոթը:

«Մինչև հոգու խորքը ֆրանսիացի՝ ողջ էությամբ կառչած հայկական արմատներին. Ազնավուրը երեք սերունդների ուղեկցեց ուրախության և ցավի միջով: Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկնելի փայլը դեռ երկար կապրեն նրանից հետո»,- Ազնավուրի մասին ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ազնավուրի երկրային կյանքն ընդհատվելուց մեկ տարի անց էլ նա ներկա է մեր սրտերում ավելի, քան երբևէ։

Ազնավուրը  ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն: Ազնավուրը վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ գրեթե 80 երկրներում:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: