Այնուամենայնիվ Թրամփին իմպիչմենտ կհայտարարվի․․․
Ինչպես վերջերս տեղեկացրել էինք Հայաստանի հանրությանը, «Քաղաքացիները հանուն պատասխանատվության և էթիկայի Վաշինգտոնում» ամերիկյան հասարակական կազմակերպության (Citizens for Responsibility and Ethics in Washington, CREW)՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց սկսելու նախաձեռնությունն արագորեն աջակցություն ստացավ Ամերիկայի բարձր վերնախավի կողմից: Եվ «հակաթրամփիզմի» նոր ալիքն արդեն մտել է ԱՄՆ խորհրդարանի պատերից ներս: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ընթացակարգ սկսելու որոշման մասին, որի նպատակն է պարզել, թե արդյոք հիմքեր կա՞ն երկրի նախագահին իմպիչմենտ հայտարարելու համար: «Այսօր ես հայտարարում եմ, որ Ներկայացուցիչների պալատը պաշտոնական հետաքննություն է սկսել իմպիչմենտի վերաբերյալ»,- ամերիկյան առաջատար լրատվամիջոցների տեղեկացմամբ ասել է Փելոսին: – Նախագահը պետք է պատասխան տա իր գործողությունների համար: Ոչ ոք օրենքից վեր չէ»:
Փելոսիի հայտարարություններից անմիջապես հետո խոսել է նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը: Նա հստակ և վճռականորեն աջակցություն հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշմանը՝ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց սկսելու վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը․ «Ես կողմ եմ իմպիչմենտ հայտարարելու գործընթացին։ Չեմ կարող ասել, որ արագ կամ հեշտությամբ եկել եմ այս որոշմանը, բայց կարծում եմ, որ սա արտակարգ իրավիճակ է»: Հետևելով մեկ այլ դեմոկրատի`սենատոր Բեռնի Սանդերսի հայտարարություններին, որոնք հնչեցվել են սեպտեմբերի առաջին կեսին («ԱՄՆ-ը վերածվում է օլիգարխիկ տիպի պետության»), աշխարհն իրավունք ունի հավատալու, որ Դեմոկրատական կուսակցությունն արդեն իսկ սկսել է նախընտրական քարոզարշավ, որպեսզի թույլ չտա Թրամփին վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այնուամենայնիվ, Ամերիկայում երբեք ոչինչ թափանցիկ չէ. և երաշխիքներ չկան, որ 2019թ․ սեպտեմբերին վերսկսված «Օվալ գրասենյակում Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկու գործի» «հետաքննության» աղմկոտ արշավը չի հանդիսանում հենց Դեմոկրատական կուսակցության ներսից բխող արձագանք։ Չէ՞ որ, սենատոր Սանդերսը, օրինակ, հաստատ գիտի, որ հենց Հիլարի Քլինթոնի կողմնակիցներն էին նրան զրկել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի միասնական թեկնածու դառնալու հնարավորությունից, և ոչ թե Հանրապետական կուսակցությունը:
Մենք որոշեցինք մեկ անգամ ևս անդրադառնալ ԱՄՆ-ի ներքաղաքական սկանդալների թեմային՝ նախագահական ընտրությունների նախաշեմին (2020), որպեսզի Հայաստանում և Ամերիկայի հայկական համայնքում գոնե առայժմ հույսեր չկապեն այսպես կոչված ԱՄՆ «իսթեբլիշմենթի» հետ:
Եվս մեկ անգամ ուզում եմ մեջբերել Պենտագոնի նախկին ղեկավար գեներալ Ջեյմս Մեթիսի սեպտեմբերյան հայտարարությունը. «…Ամերիկացիները պետք է ընդունեն, որ մեր ժողովրդավարությունը պարզապես փորձ է, այն էլ այնպիսի փորձ, որը կարող է հակադարձվել»: Հայաստանի քաղաքացիները և Սփյուռքի հայերը, հաշվի առնելով սույն նյութում նկարագրվածը, պետք է և հստակ գիտակցեն, որ Հայաստանը օտարերկրյա փորձարկումների համար դաշտ չէ, և եթե ԱՄՆ-ում «ամերիկյան ժողովրդավարությունը միայն փորձ է»՝ այն էլ ոչ հուսալի, ապա «ամերիկյան ժողովրդավարության» կանոնների կիրառումը Հայաստանում ավելի անհուսալի փորձ է: Կոչ եմ անում հայ ազգին՝ անվերապահորեն վերադառնալ մեր ավանդական արժեքներին և ավանդական ժառանգությանը ու այլևս երբեք չենթարկվել Արևմուտքից, Հյուսիսից, Արևելքից թելադրվող գայթակղություններին:
Սերգեյ Շաքարյանց