Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացրեց ԵԱՏՄ և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը:
Հարցի զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ի կատարումն Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների Սերբիայի Հանրապետության հետ առևտրային ռեժիմի մոտարկման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին» №6 որոշման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համատեղ անցկացրել է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման երեք բանակցային փուլ:
Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը:
Ըստ նախարարի՝ նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:
Համաձայնագրի հիմնական խնդիրներն են՝
- պահպանել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ հօգուտ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության ավելի բարձր աստիճանի,
- ապահովել սերբական շուկա մուտք գործելու մասով սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացումը՝ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների արդեն իսկ գործող ազատ առևտրի համաձայնագրերի համար։
- Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար ստեղծել հավասար արտահանման հնարավորություններ մյուս անդամ պետությունների հետ համատեղ:
Համաձայնագիրը ներառում է հետևյալ հիմնական կանոնակարգող պարտավորությունները.
- առավել բարենպաստ ռեժիմի պահպանում ապրանքների առևտրի նկատմամբ՝ ՍԱԳՀ I հոդվածի իմաստով,
- մաքսային վճարների սահմանափակում՝ մատուցվող ծառայությունների մոտավոր արժեքով,
- ՍԱԳՀ XI և XIII հոդվածներին համապատասխան կողմերի իրավունք կիրառել սահմանափակումներ և արգելքներ,
- դրույթներ՝ ուղղված կողմերի համագործակցության զարգացմանը և տեխնիկական կանոնակարգման, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտում առևտրում առաջացող խոչընդոտների նվազեցմանը,
- մտավոր սեփականության օբյեկտների իրավունքի պաշտպանության տրամադրում և պահպանության ապահովում,
- ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման իրավունք՝ տեղական արտադրողի շահերի պաշտպանության նպատակով: