Հրդեհը սպառնում է Խոսրովի անտառին․ քաղաքացիներն ահազանգել են

Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից Արա Սաֆարյանը ահազանգեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին՝ իր էջում տեսանյութ հրապարակելով։ Դեռևս հստակ տեղեկություն չկա, թե երբ է բռնկվել հրդեհը, ինչ արագությամբ է տարածվում և որքանո՞վ է վտանգված արգելոցը։

Լրագրողների Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն այս ընթաքում հասցրել է կապ հաստատել արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի հետ՝ տեղեկանալով, որ  արգելոցի ամբողջ անձնակազմը հակահրդեհային սարքավորումներով դեպքի վայր են մեկնել։ Նարինե Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ հրդեհվել է արգելոցի Խաչաձոր տեղամասի մոտակա հատվածը՝ Վեդի գետի մոտ, և եթե հնարավոր չլինի կանխել կրակի առաջխաղացումը, ապա քամու միջոցով այն շատ արագ կանցնի արգելոցի անմիջական տարածք, որտեղ պահպանվում են երրորդական դարաշրջանից մեզ հասած գիհու և կաղնու անտառները, կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտների  չորասեր համակեցությունները և այլ միջերկրածովյան ռելիկտային բուսականության էկոհամակարգեր, ինչպես նաև այդ միջավայրերին հարմարված հազվագյուտ կենդանիների  ու բույսերի  գենոֆոնդը, այդ թվում առաջավոր ասիական ընձառյուծը, որով այդքան հպարտանում ենք։

ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը LIVEnews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք դեռևս որևէ հստակ տեղեկատվություն չունեն հրդեհի մասին, ահազանգ են ստացել ծխի մասին և մարտական հաշվարկներ են ուղարկել դեպքի վայր։ Տեղեկությունն ավելի ուշ կլինի, երբ պարզվեն հրդեհի մանրամասները։

Խոսելով հրդեհի պատճառների մասին՝ Նարինե Կիրակոսյանն ասաց, որ դա նաև պետական կառույցների անտարբերության, ապաշնորհ քաղաքականության հետևանք է։

«Խոսրովի արգելոցը քարտեզագրման, ինչպես նաև կադաստրային վկայական ստանալու խնդիր ունի։ Հայաստանում երեք արգելոց կա՝ Էրեբունու արգելոցը, որում պահպանվում է վայրի ցորենը և որն այսօրվա դրությամբ շատ վատ վիճակում է, Խոսրովինը, որը կադաստրային վկայական չունի և որտեղ սահմանային ճշգրտումներ արված չեն, մյուսն էլ Շիկահողի արգելոցն է Սյունիքում, որը ներառվեց Զանգեզուրի կենսոլորտային համալիրի մեջ։ Դրանով վտանգ առաջացավ, որ կարող է փոխվել արգելոցի ռեժիմը՝ հնարավորություն ընձեռելով մարդու գործունեության համար»,- մեզ հետ զրույցում ասաց Նարինե Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ քանի որ «Խոսրովի անտառ» արգելոցը քարտեզագրված չէ, դրա սահմանները հստակեցված չեն, կղզյակների նման արգելոցի տարածք են խրվում համայնքային հողեր, նաև յայլաներ, որոնք ոչ համայնքին են պատկանում և ոչ էլ արգելոցին։ Հետևաբար այդ տարածքի վերահսկողությունը բարդանում է, քանի որ մարդկային միջամտությունն այդ տարածքում օրինական է՝ համայնքային հողերում, և դրանցում եղած ցանկացած վտանգ կարող է ներխուժել արգելոցի տարածք։

«2018թ․ գրավոր դիմել եմ այն ժամանակ դեռ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ հարց բարձրացնելով, թե ինչու Խոսրովի արգելոցի սահմանները չեն հստակեցվել, արգելոցը չի քարտեզագրվել, այն կադաստրային գրանցում չունի։ Պատասխանը ստանդարտ էր․ այդպես պատասխանում են բոլոր նախարարները, և գործը առաջ չի գնում։ Նա պատասխանել էր, թե նախարարությունը զբաղվում է այդ հարցով, սակայն համայնքների հետ խնդիրներ կան,- հավելեց էկո-Մեդիա ցանցի լրագրողը։- Այս նոր հրդեհը ևս այդպիսի հողերից մեկում է բռնկվել, և չի բացառվում, որ կրակը բռնկվել է խոտհարքն այրելու հետևանքով, քանի որ մարդիկ անփույթ են ու անգրագետ, չեն հասկանում, որ չի կարելի հնձած խոտն այրել, մանավանդ եթե անմիջապես կողքին արգելոց է գտնվում»։

Ծրագրով նախատեսվում է Խոսրովի արգելոցի 23 213 հա տարածքն ընդլայնել ևս 2 600-ով, որպեսզի համայնքային հողերը, որոնց պատճառով վտանգվում է Խոսրովը, արգելապատնեշվեն, սահմանազատվեն, այդ դեպքում հնարավոր կլինի լիովին բացառել մարդկային գործոնը և արգելոցը զերծ պահել մարդկային գործոնով պայմանավորված վտանգներից։

Նարինե Կիրակոսյանը վերհիշեց, որ դեռևս 2017թ․օգոստոսի 10-ին մի քանի օր շարունակ այրվեց Խոսրովի արգելոցի 23 213 հա տարածքից 2 733 հա-ը, ինչի հետևանքով վնասվել էր արգելոցի մոտ 12 տոկոսը։ Վառվել էին շատ արժեքավոր գիհու ծառեր, իսկ արգելոցում պահպանվում են 200-400 տարեկան գիհիներ, կան նաև 800-1000 տարեկան ծառեր։ Այդ ծառերն այնքանով են նաև արժեքավոր ու կարևոր, որ թթվածին ու ֆիտոցիդներ են արտաշնչում, 1 հա տարածքում աճող գիհու ծառերը կարող են թթվածին ապահովել 150-200 հազար մարդու համար։ Ահա ինչու լրագրողն ահազանգում է, որ հնարավորինս արագ պետք է կանխել կրակի առաջխաղացումը, այլապես կարուստները մեծ ու անդառնալի կլինեն։

Թագուհի Ասլանյան