Սև ծովում Ուկրաինայի կողմից կատարվեց պետական ծովահենության ակտ

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Զելենսկու կուսակցությունը, իսկ հուլիսի 11-ին  Ուկրաինայի նորընտիր նախագահը Կրեմլից հեռախոսազրույց  խնդրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Եվ հանկարծ՝ հուլիսի 24-ին և 25-ին, Ուկրաինայում աճում են հակառուսական տրամադրությունները: Սկզբում ինքը՝ Զելենսկին, և իր օգնական-խորհրդատու Նիկիտա Պոտուրաևը «խոսեցին» եթերում «Ղրիմում ազգային ինքնավարություն ստեղծելու»  և «Ղրիմը վճռականորեն վերադարձնելու» մտադրության մասին՝ կատարվածը  «պատմական հայտնագործություն»  անելով:

Այս առումով, իհարկե, Պուտուրաևը ցույց տվեց, որ նա Զելինսկիից ավելի հիմար է՝ հայտարարելով, թե 19-րդ դարից Ուկրաինան որպես «երկիր» համագործակցել է «անկախ Ղրիմյան խանության» հետ: Ինչն ամբողջությամբ անհեթեթություն է, քանի որ այդ ժամանակ Ռուսական կայսրության կազմի մեջ էին մտնում ոչ միայն այսօրվա Ուկրաինայի մի մասը (այդ տարիներին նույնիսկ «Ուկրաինա» բառը չկար  համաշխարհային քարտեզի վրա, կային միայն Գալիցիա,Մալոռոսիա և Նովոռոսիա տեղանունները) և Ղրիմը, նաև ժամանակակից Լեհաստանի զգալի մասը՝ Վարշավայի հետ միասին: Իսկ Ղրիմը XIX դարում ընդհանրապես ոչ մի երկրի հետ չէր կարող «համագործակցել» որպես «անկախ Ղրիմյան խանություն», քանի որ Եկատերինա 2-րդ կայսրուհու ժամանակներից՝ 1783 թվականից, թերակղզին Ռուսական կայսրության մաս է կազմել, Պոտյոմկինի՝ «Ղրիմը հանգստացնելու» 1782-1783թթ․ ռազմական արշավանքի ընթացքում՝ վերջին ղրիմյան խան Շահին Գիրեյի գահընկեցությունից հետո։

1784թ. միացված տարածքում ստեղծվել է Ռուսաստանի Թավրիական նահանգը: Եվ դրա հետ ի՞նչ կապ ունի Ուկրաինան կամ նույնիսկ նախկին ՈւՍՍՀ-ն: Վերջիվերջո, տխրահռչակ Ղրիմյան խանությունը գրեթե երբեք՝ 1478-ից, անկախ չի եղել, այսինքն` 15-րդ դարից այն դարձել էր Օսմանյան կայսրության վասալը:

Դե, ինչպես ասում են, Աստված նրանց՝ Ղրիմի ու Ուկրաինայի ժամանակակից «պատմության գիտունիկների» հետ: Նրանք, ըստ երևույթին, պատմություն կեղծել են սովորել թուրքերից կամ ադրբեջանցիներից:

Ի դեպ, Զելենսկու և Պոտուրաևի բարբաջանքը որևէ տպավորություն չի թողել Ղրիմի թաթարների վրա: Հուլիսի 25-ին «Ղիրիմ բերլիգի» («Ղրիմի միաբանություն») կազմակերպության և «Ղրիմի թաթարների ժողովրդական հանրային խորհուրդի» առաջնորդ Սեյթումեր Նիմեթուլլաևը կիևյան քարոզչությանն ի պատասխան՝ հայտարարել է. «Մենք ունենք մեր սեփական պետությունը` Ռուսաստանը: Ղրիմի թաթարները լիովին ինտեգրվել են որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ բնակվելով ռուսական Ղրիմում, ուստի մեզ չի հետաքրքրում, թե ի՞նչ են խոստանում ուկրաինական նոր իշխանության ներկայացուցիչները»։ Նա հիշեցրեց, որ Ուկրաինան 23 տարի ուներ Ղրիմի թաթարների համար գոնե ինչ-որ բան անելու համար, բայց դեպի լավը փոփոխություններ սկսվեցին միայն Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելուց հետո: «Հիմա Ղրիմի և ազգային ինքնավարության մասին Կիևի բոլոր հայտարարությունները համարվում են միջամտություն այլ պետության ներքին գործերին, ինչպես նաև՝ խաղ Ղրիմի թաթարների հետ և մանիպուլյացիա: Ուկրաինան և Ռուսաստանը մի ժողովուրդ են, և ես հույս ունեմ, որ վաղ, թե ուշ բոլոր քաղաքական շահարկումները կդադարեն ու պետությունների միջև կվերականգնվեն եղբայրական, բարեկամական հարաբերությունները», — եզրակացրեց Ս.Նիմետուլլաևը:

Խնդիրն այն է, որ նույն օրը Ուկրաինան սադրանք էր ձեռնարկել Օդեսայի շրջանի Իզմաիլ առևտրային նավահանգստում: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) զավթել է ռուսական «Nika Spirit» լցանավը: ՈՒԱԾ-ը պնդում է, որ իբրև թե «Nika Spirit» լցանավը մասնակցում էր 2018թ․նոյեմբերի վերջին Ուկրաինայի ՌԾՈՒ երեք նավերի արգելափակմանն ու կալանավորմանը Կերճի նեղուցում: Պետդումայի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին Ուկրաինայի իշխանությունների գործողություններն անվանել է «պետական ​​ծովահենության ակտ»: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրին, Մոսկվայում այս պահի դրությամբ ուսումնասիրում են տեղի ունեցածի մանրամասները: Երբ իրավիճակը պարզ դառնա, ռուսական պետությունը կկողմնորոշվի հետագա գործողությունների հարցում: Հաղորդվել է, որ ՌԴ ԱԳՆ-ն Կիևից սպասում է կոնկրետ հիմքեր, որոնց հիման վրա ՈՒԱԾ ձերբակալել է ռուսական լցանավը Իզմաիլ նավահանգստում: ԱԳՆ-ում գտնում են, որ Կիևը պետք է նաև մտածի Ազովի ծովում ազատ նավագնացության համար նման գործողությունների հնարավոր բացասական հետևանքների մասին։ Դիվանագետիտական կառույցը ընդգծել է, որ Մոսկվան, անշուշտ, գործողություններ է ձեռնարկելու բոլոր մանրամասները պարզելուց հետո:

Ստացվում է, որ Ուկրաինայի նախագահն ու կառավարության կազմը փոխվել են, սակայն սադրանքների մարտավարությունը չի փոխվում, համենայնդեպս՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների շրջանակներում: Զելենսկին էլ, իբրև թե, զանգահարել է Պուտինին՝ խնդրելով ազատել արձակել այն նույն ուկրաինացի նավաստի իրավախախտներին, որոնք ձերբակալվել էին 2018թ. նոյեմբերին: Այդ կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել են՝ եթե Կիևը ձերբակալել է «Nika Spirit» լցանավը հետագա փոխանակման նպատակով «նյութ հավաքագրելու» համար, ապա նման քայլը հակառակ ազդեցության կհանգեցնի և կբարդացնի ցանկացած համաձայնություն: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ ձերբակալված ուկրաինացի նավաստիների հարցը այստեղ ոչ մի կապ չունի․ Զելենսկին «վիրավորվել» է այն փաստով, որ Ղրիմի թաթարները բացահայտորեն ծիծաղեցին Ուկրաինայի նոր «ղրիմյան նախաձեռնության» վրա: Չէ՞, որ դա խաչ է քաշում Ղրիմի շուրջ տեղի ունեցած ցանկացած խոսակցությունների ու ենթադրությունների վրա և Ղրիմի թաթարների հարցի վրա: Իսկ հնարավոր է, որ Զելենսկին խորապես «վիրավորվեց», օրինակ  Պուտինից: ՌԴ նախագահը վերցրեց և շնորհավորեց Բորիս Ջոնսոնին` Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ, մինչդեռ Զելենսկուն՝ ոչ,  այստեղ Պուտինը ձևացրեց, թե Ուկրաինայում ոչ մի ընտրություններ չկան և պարզապես՝ լռեց: Մի՞թե վիրավորական չէ: Այն էլ ինչքա՜ն վիրավորական Է։

Սակայն հիշեցնում եմ, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը մտադիր է շնորհավորել իր ուկրաինացի գործընկերոջը ոչ թե իր երդմնակալության արարողության, այլ Դոնբասում իրավիճակը կարգավորելու և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման առաջին հաջողությունների կապակցությամբ: Ցավոք, Զելենսկու առաջին քայլը Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու որևէ որոշում չէր, այլ հստակ սադրիչ քայլ` ուղղված այդ հարաբերությունների հետագա վատթարացմանը: Հաշվի առնելով, որ նախորդ օրերին ուժեղացել են Դոնբասի խաղաղ բնակչության և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) աշխարհազորի դիրքերի գնդակոծումները, ստիպված կլինենք սպասել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության նոր ալիքի բարձրացմանը: Չէ՞, որ քչերն են հասկանում, թե ինչպիսի՞ սադրիչ քայլերի է ընդունակ դերասան-կատակերգուն՝ նախագահի դերում:

Սերգեյ Շաքարյանց