«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի մեղադրանքը վերաորակվել է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի շարք ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, որն առաջացրել է  ծանր հետևանքներ, փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ ՔԿ լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, որոշում է կայացվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա. Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխելու, լրացնելու մասին, և վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ)  և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իր կարգադրիչ լիազորությունները բժշկական կենտրոնի շահերին հակառակ օգտագործելու հետևանքով Հայաստանի Հանրապետությանն առանձնապես խոշոր չափերով՝ 908 047 850 դրամի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով՝ 45 402 392 5 դրամ և 27 039 000 դրամ վատնում կատարելու (երկու դրվագով) և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթի կեղծիք կատարելու համար։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան` Ա.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նկատի ունենալով, որ Ա. Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է։