Թունավոր ջրիմուռներով կանաչած Սևանա լճի արբանյակային լուսանկարների հետևում

Այս տարվա ամռանը կատարված Սևանա լճի արբանյակային լուսանկարները վկայում են, որ լիճը սաստիկ կանաչած է ջրիմուռներով: Այս առումով լիճը հիմա ավելի աղետալի վիճակում է, քան նույնիսկ անցյալ տարի: Լճի արբանյակային լուսանկարները, սակայն, չեն կարող ասել, թե ո՞րն է ջրիմուռներով լճի «ծաղկելու» պատճառը, ի՞նչ ջրիմուռներ են դրանք, թունավո՞ր են արդյոք…

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի կատարած լաբորատոր ուսումնասիրություններով արդեն պարզվել է, որ լճի գույնը փոխած այդ ջրիմուռները կապտականաչ տեսակի ջրիմուռներն են, ընդ որում, թունավոր նյութեր արտադրող: Դրանց հայտնվելը լճում նկատվել է հունիսի 20-ից հետո, կանխատեսվում է, որ օգոստոսի շոգերին վիճակն էլ ավելի կվատանա:

Գուցե շատերին թվում էր, թե Սևանա լճի ներկայիս` առնվազն տագնապալի իրավիճակը պետք է արժանանար այսօրվա իշխանությունների, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության օպերատիվ և համարժեք արձագանքին, քանի որ առանց Սևանա լճի, Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, սակայն կառավարության այդ արձագանքն առ այսօր չկա: Եվ սա, համենայն դեպս, տողերիս հեղինակի համար բնավ զարմանալի չէ…

Սևանա լիճը քիմիապես աղտոտված է, աղտոտված է ազոտով, նաև ֆոսֆորով և այլ տարրերով, օրգանական նյութերով, ինչի հետևանքն է կապտականաչ ջրիմուռների բուռն ծաղկումը, որը վկայում է լճի էվտրոֆացման ինդեքսի բարձր լինելու մասին: Սևանա լիճն այժմ ճահճացման գործընթացում է, ինչի մասին արդեն ահազանգել են մասնագետները, էկոլոգները:

«Տարիներով մենք ասել ենք` եթե շարունակեք այսպես վերաբերվել լճին, ժամանակի ընթացքում մենք ճահիճ կունենանք,- դեռ 2018թ. ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «SOS Սևան» հասարակական նախաձեռնության անդամ Կարինե Դանիելյանը:- Եվ այդ ջուրն այլևս ո՛չ ոռոգման համար կկարողանանք օգտագործել, ո՛չ ռեկրեացիայի համար»:

Տիկին Դանիելյանը հավելել է, որ ինքը Սևանա լճի գունափոխությունն ընկալում է որպես օգնության ճիչ, իսկ լճի «ծաղկումը» ցույց է տալիս, որ Սևանում ճահճացում է սկսվել։

Ինչո՞ւ է Սևանա լիճն աղտոտվել և աղտոտվում ազոտով, ֆոսֆորով և այլ տարրերով, օրգանական նյութերով, և ինչո՞ւ է այդ նյութերի պարունակությունն այնքան բարձր, հանգեցրել է կապտականաչ ջրիմուռների բուռն աճի: Պատճառներից մեկն այն է, որ Սևանի ավազանի կոյուղու կոլեկտորի կառուցման աշխատանքներն այդպես էլ ավարտին չհասցվեցին, կատարված հսկայական ծախսն ու աշխատանքը, ինչպես ասում են, ջուրը լցվեցին, իսկ թե ինչ եղան կոյուղու խողովակները, թերևս իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է… Այսօր Սևանա լիճ լցվող շատ գետեր վերածված են դրանց մոտ գտնվող բնակավայրերի կոյուղատարերի, որոնցով կոյուղուն բնորոշ ամեն աղտեղություն լցվում է լիճ, ներառյալ` օրգանական նյութերն ու քիմիական լվացամիջոցները: Կարծես այս ամենը քիչ է, Սևանա լիճն աղտոտվում է նաև ափերի մոտ գտնվող բազմաթիվ ռեստորանների, հյուրանոցների, հանգստավայրերի, նմանաբնույթ այլ հաստատությունների կոյուղաջրերով:

Պատճառների թվում առանձնակի բացասական դերակատարություն ունի ՀՀ բնապահպանության նախարարության, նրա ենթակայությամբ գործող «Սևան» ազգային պարկի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության արդյունքում Սևանա լճի սիգի ապօրինի որսը, որը կատարվել է ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս իշխանությունների օրոք: Սիգի նախկին պաշարները լճում վաղուց այլևս չկան, նույնը կարելի է ասել նաև մյուս ձկնատեսակների և խեցգետնի առնչությամբ, իսկ նրանց կերերը լճում բնական գործընթացների արդյունքում առաջանում են, իհարկե, բնավ «չհարցնելով», թե իրենց սպառող ձկներն ու խեցգետինները կան, թե ոչ: Չսպառված կերը (օրգանական նյութի հսկայական զանգվածը) նեխում է, քայքայվում և աղտոտում լիճն այնպիսի նյութերով, որոնք անցյալ տարի և այժմ կապտականաչ ջրիմուռների բուռն աճի պատճառ են:

Հաջորդ պատճառը Սևանա լճի ջրահավաք ավազանում գյուղատնտեսական պարարտանյութերի կիրառումը չարգելելն է, ազոտական ու ֆոսֆորական պարարտանյութերը հողին տրվելուց հետո անձրևաջրերի, ձյան հալոցքաջրերի հետ որոշ չափով հասնում են գետակներ ու գետեր, ապա դրանց միջոցով հասնում Սևանա լիճ: Նույնը կարելի է ասել նաև գոմաղբի առնչությամբ:

Իհարկե, պատճառների թվում է նաև Սևանա լճի մակարդակի բարձրացումից առաջ ափերի մաքրման նախապատրաստական աշխատանքների անբավարար կատարումը:

Եթե Սևանա լճի մակարդակը բավականաչափ բարձրացվեր, ապա լիճը թունավորող կամ առնվազն աղտոտող վերոնշյալ նյութերի պարունակությունը ջրում կնոսրանար, չէր լինի այն մակարդակի, որ հանգեցներ կապտականաչ ջրիմուռների 2018թ. և այս տարի առկա աճին: Մինչդեռ մի քանի տարի լճից հավելյալ ջրառի հետևանքով արձանագրվել է նույնիսկ լճի մակարդակի անկում, լիճ լցվող ու նրանից դուրս եկող ջրերի բացասական հաշվեկշիռ:

Ցավոք, «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածների օրոք ևս, 2018թ. ՀՀ կառավարության որոշմամբ, օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողովը, ի վերջո, գնաց Սևանա լճից 40 մլն խմ (ի հավելումն նախատեսված 170 մլն խմ-ի) հավելյալ ջրառ թույլ տալու անթույլատրելի քայլին, երբ արդեն իսկ կանաչած, էկոլոգիապես կաթվածահար վիճակում գտնվող լճից նույնիսկ 30 մլն խմ ջրի բաց թողնումը պետք է անթույլատրելի համարվեր:

Մեկ այլ և առանձին հարց է, թե բաց թողնված ջրի քանի՞ տոկոսը հասավ գյուղատնտեսներին և էական ինչ օգուտ տվեց նրանց, և քանի՞ տոկոսը կորավ ճանապարհին… Կորուստն ահռելի է եղել և, ընդհանրապես, շատ բարձր է նաև հիմա, ինչպես և նախկինում: Այս առումով քննադատության չի դիմանում անցյալ տարի «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի հարցերով փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի ասածը, թե իրենք ստիպված էին համաձայնել Սևանա լճից հավելյալ ջրառին, ստեղծված իրավիճակում գյուղացուն չէր կարելի միայնակ թողնել։ Հանձնաժողովի նախագահն այս կերպ փորձել է արդարացնել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այսօր նա, ինչպես նաև ՀՀ բնապահպանության բոլոր նախկին նախարարները` Վարդան Այվազյանից սկսած, այդ շրջանից պաշտոնավարած «Սևան» ազգային պարկի տնօրենները, բնապահպանության ներկայիս նախարարն ու «Սևան» ազգային պարկի տնօրենը, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունը պատասխանատու են Սևանա լճի ներկայիս ծանր էկոլոգիական իրավիճակի համար: Այս առումով անձամբ ես, միանգամայն բավարար հիմնավորումներով, որևէ հույս չեմ կապում կոռուպցիայի դեմ պայքարից և օրինականությունից  ձևականորեն խոսող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ինչպես նաև Փաշինյանի նշանակած ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ: Երանի հարցնեին` ինչո՞ւ, կդիմեի Հանրային հեռուստաընկերությանը, միասին հանդես գալու հնարավորություն կխնդրեի և հենց իրենց ներկայությամբ հրապարակայնորեն կպատասխանեի այդ հարցին, եթե, իհարկե, վերոնշյալ պաշտոնյաները չխուսափեին իրենց հարցի պատասխանն այդ ձևաչափով ստանալու տարբերակից:

Արթուր Հովհաննիսյան