Վրաստանում տեղի ունեցածի հետևում նշմարելի են Սորոսի ականջները

Հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ ու վեհաժողովի ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի կոպիտ ընդհատման, դրանից հետո Թբիլիսիում ծայրահեղական անձանց և, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից հակառուսական և հակակառավարական ուղղվածության բողոքի զանգվածային միջոցառումների (դրանք կարճ ժամանակ անց վերածվել են զանգվածային անկարգությունների) շատ արագ կազմակերպման պատճառների ու նպատակների, նաև Հայաստանին ու տարածաշրջանին սպառնացող վտանգների առնչությամբ է մեր հարցազրույցը ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։

— Վրաստանի խորհրդարանում հունիսի 20-ին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովի ելույթն ընդհատելուց հետո ինչպե՞ս է հաջողվել Թբիլիսիում այդքան կարճ ժամանակաընթացքում բազմահազար մարդկանց հավաքել խորհրդարանի մոտ, իրականում ովքե՞ր են այդ մարդիկ, և ո՞րն է նրանց հիմնական նպատակը։

Նախ ասեմ, որ Վրաստանը, որպես այդ միջոցառման կազմակերպիչ, 2 տարի նախանձախնդիր կերպով փորձել է այնպես անել, որ վեհաժողովը տեղի ունենա Թբիլիսիում։

Երկրորդ. այդ վեհաժողովի ղեկավարին՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Գավրիլովին, Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին հրավիրելու և նիստը վարելու առաջարկն արվել է վրաց պատգամավորների կողմից։ Այն, որ բողոքի միջոցառումը վաղօրոք կազմակերպված էր, ակնհայտ է, որովհետև  վրաց պատգամավորները նախօրոք կազմակերպված՝ ներսից, և հիմնականում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպությունները՝ դրսից, արդեն իսկ պատրաստ էին խորհրդարանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները տանել դեպի փողոց։ Հակառուսականությունը պլանավորված էր, մշակված էր, իսկ զարգացումների գագաթնակետը եղավ այն, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին հայտարարեց որպես օկուպանտ ու Վրաստանին թշնամի երկիր:

Ի դեպ, այդ միջոցառումը նախորդեց երկու օր հետո՝ հունիսի 22-ին, Թբիլիսիում պլանավորված միասեռականների՝ արվամոլների և իգամոլների շքերթին, որին ընդդիմացան Վրաց ուղղափառ եկեղեցին, ազգային մի շարք կառույցներ, կազմակերպություններ, երիտասարդական խմբեր, որոնք հայտարարեցին, որ թույլ չեն տա այդ շքերթի անցկացումը

Թբիլիսիում բողոքի զանգվածային միջոցառման նպատակը Վրաստանում հակառուսականության ալիք առաջացնելն էր ժողովրդի մոտ, իսկ վրացական կողմի հրավերով Գավրիլովի նստելը խորհրդարանի նախագահի աթոռին հետագա իրադարձությունների ոչ թե պատճառն էր, այլ առիթը։ Բուն պատճառն աշխարհաքաղաքական է, իսկ աշխարհաքաղաքական է այն առումով, որ Հարավային Կովկասում Արևմուտքը՝ ի դեմս Միացյալ Նահանգների, վարում է մի քաղաքականություն, որ հարավկովկասյան երեք հանրապետություններում հակառուսականությունը լինի արտաքին քաղաքական վեկտոր և գերիշխող դառնա, այսինքն՝ հարավային ուղղությամբ Ռուսաստանն ունենա երեք թշնամի պետություններ՝ ի դեմս Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի։

Վլադիմիր Պուտինն իրականում սանկցիաներ չի կիրառել Վրաստանի նկատմամբ, այլ Վրաստանում գտնվող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար նրանց հորդորել է լքել այդ երկրի տարածքը։ Ա՛յն, որ այդ օրերին վրաստանում ռուսական անձնագրերով քաղաքացիների նկատմամբ, ամենայն հավանականությամբ, կարող էին բռնություններ կիրառվել, հուշում է դրա առաջին ազդակը տված Վրաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը, որը խորհրդարանից Գավրիլովի հեռացումից հետո ասաց՝ ես սպանել եմ ռուսներին Աբխազիայում, կսպանենք նաև այստեղ։ Եվ դա հնչեց օրենսդիր մարմնից, պատգամավորի կողմից, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղակի սպառնալիք Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ։

Վրաստանում հերթական անգամ հակառուսականության ալիքի առաջացումն ինչո՞ւ կազմակերպվեց:

— Դա ուղղակիորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական այն հակամարտության համատեքստում, որով Ռուսաստանն իր դաշնակից պետությունների հետ փորձում է ստեղծել առայժմ աշխարհում միակ գերտերությանը՝ ԱՄՆ-ին հակակշիռ երկրորդ բևեռը։ Վրաստանում տեղի ունեցածն ուղղակիորեն կապված է Միացյալ Նահանգների նաև այլ ծրագրերի հետ, ԱՄՆ-ը միաժամանակ գործնական փուլ է մտցրել Հարավային Կովկասի երեք հանրապետություններում ներքաղաքական լուրջ լարումներ առաջացնելու ծրագրերը։ Դրա դրսևորումը կա նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ևս Ռուսաստանի Դաշնությունն անվանեց օկուպանտ երկիր՝ նկատի ունենալով այն, որ, ըստ իր գնահատման, Ռուսաստանը ժամանակին օկուպացրել է Հյուսիսային Օսեթիան, Աբխազիան, իսկ 2008 թվականին նաև՝ Հարավային Օսեթիան, այնինչ Վրաստանի իմպերիալիստական քաղաքականության արդյունքում այդ երկրների ժողովուրդների, այդ թվում նաև՝ Ռուսաստանի քաղաքացիների, ֆիզիկական գոյության ուղղակի սպառնալիք էր առաջացել։

Թերևս բոլորն են հիշում Վրաստանի զինված ուժերի ագրեսիան Հյուսային Օսեթիայի և Աբխազիայի նկատմամբ (նրանք ինքնապաշտպանվեցին, կարողացան այդ պատերազմում հաղթել վրացական բանակի կանոնավոր ստորաբաժանումներին, երբ որ իրենց մոտ ընդամենը կամավորական գումարտակներ էին), և 2008 թվականին Վրաստանի հերթական ավանտյուրան Հարավային Օսեթիայի նկատմամբ, երբ Վրաստանի զինված ուժերը ներխուժեցին Ցխինվալի, խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ, սպանություններ կատարեցին, և միայն Հարավային Օսեթիայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ներկայությունն այդ ժողովրդին ուղղակիորեն փրկեց ցեղասպանությունից։

— Վրաստանի իշխանություններն ինչպե՞ս արձագանքեցին Վլադիմիր Պուտինի հայտնի հրամանագրին։

— Կարծում եմ, շատ հետաքրքիր ու նույնիսկ զավեշտի հասնող կեցվածք դրսևորեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, երբ ասաց, որ Ռուսաստանի զբոսաշրջիկները պետք է լինեն Վրաստանում։ Նրա ասածում կա որոշակի պարտադրանք, որը մի կողմից ծիծաղ ու ժպիտ, բայց մյուս կողմից նաև զայրույթ է առաջացնում, երբ մի երկրի ղեկավարը մյուս երկրի քաղաքացիների վերաբերյալ որոշակի պարտադրանք պարունակող մտքեր է արտահայտում։

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի արձագանքը, վերաբերմունքը, դիրքորոշումը Վրաստանում տեղի ունեցածի ու դրանից բխող հնարավոր զարգացումների նկատմամբ։

— Հայաստանի ամենաբարձր ատյաններում գտնվող անձինք գործնականում կրկին անգամ արտահայտում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական, ոչ դաշնակցային վերաբերմունք, իսկ հրապարակային դաշտում ասում են, որ իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ փայլուն են։ Հիշենք, թեկուզ, օրերս Եվրախորհրդում Ռուսաստանի անդամակցության վերականգնման քվեարկությունը, երբ Հայաստանի պատվիրակության չորս անդամից երկուսը՝ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը, կողմ էին քվեարկել, որպեսզի Ռուսաստանն այդ եվրոպական կառույցում վերականգնի իր ներկայությունը՝ անդամակցության ձևով, երրորդ պատգամավորը՝ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը, չէր քվեարկել, իսկ չորրորդ պատգամավորը՝ դարձյալ նույն խմբակցության անդամ, հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, դեմ էր քվեարկել։ Թեև նույն Ռուբինյանը հետո ասաց, որ իր քվեարկությունը սխալմունք է եղել, ինքը ցանկացել է դեմ չքվեարկել, այդպես ստացվել է, բայց, իհարկե, դա պարզունակ արդարացում է։ Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների մի մասն իրենց հստակ գործնական քայլերով փորձում են սեպ խրել հայ և ռուս ժողովուրդների, Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների մեջ։

— Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի նախագահի հիշյալ հրամանագիրը Վրաստանի տնտեսության վրա։

— Եթե հաշվի առնենք, որ Վրաստանի բյուջեի ահռելի մասը գոյանում է զբոսաշրջային բիզնեսից, և զբոսաշրջային բիզնեսի առյուծի բաժինը ձևավորվում է Ռուսաստանից եկածների թողած գումարներով, ապա կարելի է գնահատել, որ Վրաստանի բյուջեն մոտակա ամիսներին բավական լուրջ ճեղքվածքներ ու խնդիրներ է ունենալու, որը Վրաստանի իշխանությունները որևէ ձևով չեն կարող փակել։ Եթե հարաբերություններն էլ ավելի սրվեն և Ռուսաստանը հարկադրված լինի խոչընդոտներ ստեղծել վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրի սպառման համար, կամ սահմանափակի, նույնիսկ ընդհանրապես արգելի վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրի մուտքը ռուսական շուկա, ապա Վրաստանին բավական ծանր օրեր կսպասվեն:

Դեռ չեմ խոսում այն վիճակի մասին, որ Վրաստանում կառաջանա, եթե Ռուսաստանի իշխանությունները որոշեն վռնդել իրենց երկրում անօրինականորեն գտնվող և աշխատող Վրաստանի քաղաքացիներին։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի բյուջեի մի մասը լրացվում է այն տրանսֆերների հաշվին, որոնք հիմնականում գալիս են Ռուսաստանում աշխատող հայրենակիցներից։ Հետևաբար հարց է առաջանում՝ արդյոք պատահակա՞ն է, որ Վրաստանի իշխանություններն այսօր գնում են քայլերի, որոնք ուղղակիորեն, առաջին հերթին, տնտեսական առումով իրենց շահերին բավական ուժեղ հարվածում են, և գիտակցելով դա, իրենք, այնուամենայնիվ գնում են այդ քայլերին։ Այդ դեպքում ավելի բարձր գի՞ն է տրված, Վրաստանին իշխանություններին խոստացված։ Ըստ իս, Վրաստանն ամբողջությամբ Միացյալ Նահանգների ու նրա վասալ Եվրամիության անդամ երկրների ուղղակի արտաքին կառավարման ներքո է։ Եթե ասվում է, որ պետք է արվի այսպես, նույնիսկ եթե այդ ամենը հարվածում է Վրաստանի ազգային-պետական շահերին, նրանք, որպես կամակատարներն արտաքին կառավարման ինստիտուտների և երկրների, ստիպված կատարում են։

— Նշեցիք, որ եթե Ռուսաստանը ձեռնարկի պատժամիջոցներ, Վրաստանի սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ կլինի, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի ղեկավարությունը կոշտ միջոցների չի դիմել՝ նկատի ունենալով, որ այն, ինչ կազմակերպվեց Վրաստանի խորհրդարանում ու խորհրդարանի մոտ, ոչ թե վրաց ժողովրդի նախաձեռնությունն էր, այլ Սորոսից, արևմտյան կասկածելի կենտրոնների կողմից ֆինանսավորվող, ուղղորդվող ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների, անձանց։ Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ։

— Ձեր դիտարկումն այդ առումով իրականությանը բավական մոտ է, այն զուգահեռեմ մեկ այլ փաստի հետ․ 2008 թվականի օգոստոսի 8-ին, երբ Վրաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Հարավային Օսեթիա և փորձեցին բռնությամբ տվյալ ժողովրդին պարտադրել վրացական իշխանությունների, առաջին հերթին, ռազմական իշխանությունների ներկայությունը։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումները, որոնք այդ ժամանակ գտնվում էին հարավ-օսական և վրացական սահմանի ամբողջ երկայնքով, հարձակումը սկսած Վրաստանի զինված ուժերի առաջին հարվածը ստացան՝ տալով նաև զոհեր։ Եթե Ռուսաստանը խնդիր ունենար՝ հասնելու այն բանին, որ Վրաստանն ամբողջությամբ կրեր պատասխանատվությունն այդ ագրեսիայի համար, ռուսական տանկերն ուղղակի կհայտնվեին Թբիլիսիում։ Սակայն նույն Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ ԱՄՆ-ի խնդիրն իրականում, ինչպես Ուկրաինայում, հակառուսական տրամադրություններով ժողովրդին մանիպուլացնելն է և այդպիսի ժողովրդին Ռուսաստանի դեմ լրջագույն ագրեսիայի նախապատրաստելը։ Բայց զոհերն այդ դեպքում լինելու են Ուկրաինայի քաղաքացիները, ոչ թե ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։ Նույն Միացյալ Նահանգների ռազմավարական պլանավորման կենտրոնները հաշվի էին առել, որ Վրաստանի պարագայում և այդ երկրի իշխանությունների տեսանկյունից նմանաբնույթ օպերացիան, այնուամենայնիվ, ձախողվելու է, ուստի Վրաստանում Հարավային Օսեթիայի կորստից հետո հակառուսականության շատ մեծ ալիք է բարձրանալու, ինչը եղավ։ Ժողովուրդը մանիպուլացված էր ու, բնականաբար, ճիշտ չգնահատեց, որ այդ ագրեսիան իրականում ոչ թե Ռուսաստանի, այլ Վրաստանի զինված ուժերի կողմից էր, որի գերագույն գլխավոր հրամանատարն այն ժամանակ նախագահ Սահակաշվիլին էր։ Նույնը կատարվում է այժմ։ Այս տարածաշրջանում Միացյալ Նահանգները սպասարկում է իր շահերը, և թիրախը ոչ այնքան հարավկովկասյան հանրապետություններն են, որքան Իրանը և Ռուսաստանը։ Խնդիրը նաև Իրանը Ռուսաստանին կապող բոլոր ճանապարհները կտրելն է, մասնավորապես՝ Վրաստանով և Հայաստանով։

Շատերը գիտեն, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ուժերն օրերս խփեցին իրենց երկրի օդային տարածք ներխուժած ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքը, բայց, թերևս, քչերին է հայտնի, որ այդ սարքի հետ միասին, նրան շատ մոտ թռչում էր նաև 35 հոգիանոց անձնակազմով Պենտագոնի մի ինքնաթիռ։ Եթե ԻՀՊԿ ՀՕՊ ուժերը հարվածեին նաև այդ ինքնաթիռին, ապա ԱՄՆ-ը, իր դաշնակիցների հետ միասին, ամենայն հավանականությամբ, հարվածելու էր Իրանին։ Սակայն, Իրանի ղեկավարությունը, կարծում եմ, խոհեմ գտնվեց՝ հասկանալով, որ այդ 35 հոգին իրականում Իրանի դեմ ագրեսիայի համար զոհասեղանին դրված, այսպես ասած, սրբազան զոհեր են, ուստի Իրանից չհարվածեցին այդ ինքնաթիռին, ինչն ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, շատ էր ուզում։

Վրաստանում այդ լարումների ստեղծումը և Հայաստանում բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց հակառուսական կեցվածքն իրականում ունի նաև այն նպատակը, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով, ցամաքային ճանապարհով, կտրվի Հայաստանից, ապա նաև Իրանից, որի շահերն աշխարհաքաղաքական ներկայիս դասավորումներում ուղղակի համընկնում են Ռուսաստանի, ինչպես նաև նրա դաշնակից Չինաստանի ու Հնդկաստանի շահերի հետ։

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի