Հայաստանի պատվիրակությունը լքել է Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը

Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ տապալել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները ռուս պատգամավորների մասնակցության պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը», – «Ալիք մեդիայի» տեղեկացմամբ, հայտարարել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Վեհաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը`ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ:

Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: