Բլթացնում են այն պաշտոնյաները, ովքեր չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը (տեսանյութ)

«Մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ դեմոկրատական չենք, մենք  քաղաքացիական կուսակցություն ենք, սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում  ենք  գաղափարական նոր հարթություն»,- այս մասին Քաղաքացիական պայմանագիր  կուսակցության համագումարում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանյան  ութ տասնյակի հասնող կուսակցություններից շատերը հաճախ են  քննադատվել  գաղափարազուրկ կառույցներ  լինելու համար, որոնց նաև անվանում ենք  մարդ կուսակցություններ: Հիմա երբ Նիկոլ Փաշինյանը մերժում է գաղափարախոսությունը, դրանով արդյոք չի՞ արդարացնում  անգաղափար կուսակցությունների գոյությունը:  Իսկ գուցե պատճառն այն է, որ ՔՊ-ը գաղափարներից զուրկ կուսակցությո՞ւն է, հետևաբար Փաշինյանը  գնում է գաղափարախոսության  կարևորությունը մերժելու ճանապարհով:

«Եթե գնում ենք այդ ուղղությամբ, ուրեմն գաղափարազուրկ լինելը ևս գաղափար է», ի պատասխան մեր դիտարկմանը՝ նկատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որն այսօր LIVEnews.am-ի «Մենք» հաղորդաշարի հյուրն է։

«Ես անգամ հասկանում եմ, թե ինչո՞ւ է այդպես ասում Փաշինյանը, որովհետև տարիների ընթացքում մարդ կուսակցությունները հասցրել են վարկաբեկել այդ գաղափարները և նոր իշխանությունը չի ուզում նրանց  հետ ասոցացվել»։

Բայց դրանով հանդերձ, հավելեց․ «Ես կարող եմ  մազերս ներկել ու ասել՝ 27 տարեկան եմ, բայց այդպես չէ։ Կարելի է ասել, որ մենք սա չենք, նա չենք, բայց կա օբյեկտիվություն, իսկ դա այն է, որ նոր իշխանության գաղափարական հենքը լիբերտալիստականն է»։

Քոչարյանն անդրադարձավ ՔՊ-ի  վարչության նոր կազմի ընտրությանը, մարիխուանայի օգտագործումը ոչ մի կերպ չթույլատրելուն, Հայաստանի ու Արցախի իշխանությունների  հարաբերություններում  լարվածությունը համարեց անթույլատրելի, նկատելով, որ դա  հուշում է, թե  ի՞նչ է տեղի ունենում կուսակցության ներսում։ «Իշխանության ներսում կան թևեր, Փաշինյաննն  այն կտրի, թե չկտրի՝ աճելու են դրանք»,- նկատեց Կարեն Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում