«Հանրային գերակա շահի» զոհերը հանդիպել են Վահե Էնֆիաջյանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 14-ին ընդունել է Երևանում կառուցապատումների նպատակով օտարված տարածքների բնակիչներին: ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ պարբերաբար հանդիպում է իրացված գոտիների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրներն ու առաջարկները: Նշվել է, որ հանդիպումների նպատակն է մինչ թեմայի շրջանակում խորհրդարանական լսումների անցկացումը բազմակողմանի քննարկել բոլոր առանցքային հարցերը, հասկանալ նաև օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Իրացման գոտիների բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները՝ կապված սեփականության իրավունքի ոտնահարման, կառուցապատման խախտումների, գույքի գնահատման գործընթացի բացթողումների, օրենքի ոչ հստակ մեկնաբանությունների, ԾԻԳ-երի կայացրած որոշումների հետ:

Հանդիպմանը մասնակցել են մայրաքաղաքի Տերյան, Լալայանց, Պուշկին, Բելյակով, Բուզանդ, Արամի փողոցների, Ֆիրդուսի 33-րդ, Կոնդ թաղամասերի, Սարի Թաղի ներկայացուցիչները: