Նազենի Ղարիբյանին լուծարվող կառույցից այլ ոլորտ են տեղափոխել և նոր պաշտոնի նշանակել

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը նոր պաշտոն է ստանձնել՝ նշանակվելով ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ: Այս մասին նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի և հիմք ընդունելով «ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագրով հաստատված կանոնադրության 8-րդ հոդվածը ու «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի մասին» համաձայնագրի հավելվածով հաստատված կանոնադրության 4.1-ին հոդվածը`

  1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին նշանակել ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Լիազոր ներկայացուցիչ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 16-ի N 118-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 766-Ա որոշումը»,- նշված է որոշման մեջ: