Պարոն քաղաքապետ, խնդրում եմ մեկ շաբաթ երթևեկեք գազելներով, ինչպես խոստացել էիք․ Թեհմինա Վարդանյան

Բաց նամակ քաղաքապետին

Այսօր նստել էի հասարակական տրանսպորտ՝ 45 համարի ավտոբուս, որին, ի դեպ, համառորեն սպասել եմ շուրջ 45 րոպե։

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի հարցի, որը, թերևս, ամենից շատն է ծեծվել, սակայն քաղաքային իշխանությունը կրիայի (ավելի դանդաղաշարժ կենդանի չգիտեմ) քայլերով է գնում խնդրի լուծմանը։

Չեմ փորձի տարանջատել խնդիրը ըստ կարևորության։ Խոսենք ըստ էության ու բնույթի։

Երբ խոսում ենք աղբահանության և դրա հետևանքների մասին, պնդում ենք, որ խնդիրը օրհասական է, և ոչ ոք դա չի առարկում։ Աղբահանության խնդիրը կարելի է դասել բարեկեցության, առողջության, սանիտարական ոլորտներին և հուսալ, որ դա ժամանակավոր է… Ցանկանում եմ առանձնացնել ևս մեկ հարց, որը, ըստ իս, պետք է վայրկյան առաջ լուծել։ Այն է՝ տրանսպորտի հարցը։ Խնդիրն ընդգրկում է վերոնշյալ ասպեկտները, գումարած անվտանգություն, և ամենից նուրբ՝ բարոյական ասպեկտը…
Բարոյական կողմը մեր հասարակության կողմից ամենից բարձրն է դասվում։ Մարդ կարող է վատ սնվել, վատ հագնվել, 24/7 աշխատել բայց իրեն հպարտ զգալ և գլուխը բարձր քայլել… Այսօրվա մեր տրանսպորտային համակարգը զրկում է այդ վերջին իրավունքից՝ հպարտ լինելու իրավունքից։
Մանկահասակ աղջիկներ, պատանիներ, հղի կանայք, տարեց մարդիկ… մարդիկ, ովքեր լուսաբացին արթնանում և շտապում են իրենց գործերով՝ հպարտ, պայծառ, լուսալի և բախվում այս սառը պատին՝ գազել կոչված պատին։ Գազել, որի մեջ համահարթեցվում են բոլորը, վերանում մարդու՝ որպես մարդ բնորոշումները և հպարտ քաղաքացիները կտրվելով իրական աշխարհից վերածվում են A-B կետ տեղափոխվող, 100 դրամանոց «բիո մասայի», առանց որևէ իրավունքի՝ զրկված անձնական տարածքի, մարմնի անձեռնմխելիության իրավունքից։ Իրավունքներ, որոնք մարդու անքակտելի ուղեկիցներն են։ Իրավունքներ, որոնց ոտնահարումը անմիջական վնաս է պատճառում՝ բարոյական վնաս։
Ցավով եմ հետևում՝ ինչպես են հարյուրավոր մարդիկ հուսահատ և վայրկյանն անիծելով, հոգոց հանելով մխրճվում լեփ-լեցուն ու կյանքի համար վտանգավոր գազելները… Անասելի ցավ եմ ապրում… Մարդիկ գիտակցաբար ճնշում են իրենց հպարտությունը և ստիպում համակերպվել իրողության հետ՝ լուռ տանելով փորձությունը… Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են տրանսպորտի ներկայի և ապագայի համար, երթևեկում են շքեղ և կոմֆորտ մեքենաներով՝ ստեղծելով մի ահռելի անդունդ «հասարակ քաղաքացիների» և նրանց դե յուրե սպասարկողների, իսկ դե ֆակտո իշխողների միջև….

Պրն. քաղաքապետ, ո՞ւր մնացին Ձեր այն «պնդումները», որ երթևեկելու եք հասարակական տրանսպորտով։ Խնդրում եմ, միայն՝ առանց պոպուլիզմի ու առանց 700 լրատվամիջոցի։ Մեկ շաբաթ, ոչ ավել, ոչ պակաս։ Այ էդ ժամանակ ես հարգանքով կնայեմ Ձեր հպարտ դեմքին…

 

Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Բաց նամակ քաղաքապետին! ! !Այսօր նստել էի հասարակական տրանսպորտ՝ 45 համարի ավտոբուս, որին, ի դեպ, համառորեն սպասել եմ…

Опубликовано Թեհմինա Վարդանյան Пятница, 3 мая 2019 г.