Հնագետ Աշոտ Փիլիպոսյանն իր պեղումներով բարբարոսաբար խախտելով օրենսդրությունը, Քարահունջի արժեքը դրել է ոչնչացման սպառնալիքի տակ․ բաց նամակ

Եվ այս ամենն արվում է Մշակույթի նախարարության թույլտվությամբ և Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ

 

Ակադեմիկոս, լուսահոգի Պարիս Հերունու դուստրը՝ Նանա Հերունին, ինչպես նաև Քարահունջի քարե աստղադիտարանի պահպանման քաղաքացիական շարժման հազարավոր մասնակիցներ երեկ բաց նամակով դիմել են ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ Նամակում մասնավորապես նշված է․

«Հարգելի՛  պրն.  Սանասարյան,

Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել այն մասին, թե ինչ է տեղի ունենում Քարահունջում՝ պատմական հուշարձան-աստղադիտարանում, որը գտնվում է Սիսիանից ոչ հեռու: Հայրս՝ ակադեմիկոս, գիտնական ռադիո-ֆիզիկոս Պարիս Հերունին, 4 գիտական անկախ մեթոդներով ապացուցել էր, որ այն աստղադիտարան է, և գործել է առնվազն 7500 տարի առաջ:

2005թ.-ից սկսած, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը իրականացնում է Քարահունջում պեղումներ՝  հետևողականորեն, բարբարոսաբար (օգտագործվում են վերամբարձ կռունկներ, քլունգներ և պեղումների իրականացման գործընթացում այլ անթույլատրելի տեխնիկա ու գործիքներ) և բացահայտորեն խախտելով հնագիտական ժառանգության պահպանման մասին Եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» որոշման մի շարք կետեր:

Քարահունջ աստղադիտարանի տարածքում նման կերպ չի կարելի պեղել՝ քարերի տեղաշարժումը կհանգեցնի առնվազն 7500 տարի գոյություն ունեցող պատմական հուշարձանի արժեքի ոչնչացմանը: Այս ամենը արվում է Մշակույթի նախարարության թույլտվությամբ և Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորման ներքո: Տվյալ պահին ստեղծվել է ժողովրդական շարժում. մեծ թվով անհատներ և կազմակերպություններ միացել են այդ շարժմանը և փորձում են կանխել մեր այս պատմագիտական համալիրի և ընդանրապես  հայ պատմության և գիտության կոթողների բարբարոսական ոչնչացումը, ինչը, ըստ երևույթի, ֆինանսավորվում է դրսից՝ միտումնավոր, շարունակական, և իրականացվում է անբարո հայ պաշտոնյաների և դավաճան ու անգրագետ հնեաբանների ձեռքերով:

Ամիսներ առաջ հուշարձանի մեգալիթները նաև պղծվել էին ներկով վանդալների կողմից: Այս փաստը Քարահունջի տարածքի տնօրեն Աշոտ Ավագյանը կոծկել էր 3 ամիս, մինչև այդ մասին ահազանգը չտարածվեց սոցցանցերում:  Այս փաստի մասին իմանալուց հետո փոխնախարար Տիգրան Գալստյանը մոտ մեկ ամիս նույնպես չէր դիմում համապատասխան մարմիններին:

Կարծում եմ, որ այս ամենը պատահական իրադարձությունների շղթա չէ, այլ կազմակերպված  գործընթաց, որի նպատակն է ոչնչացնել մեր պատմությունը, մասնավորապես այս եզակի պատմական և գիտական արժեք ունեցող հուշարձանը: Ո՞վ  է այն կազմակերպել: Ո՞վ է այսօրվա ազատ Հայաստանում նպաստում այս թշնամիներին: Իրականում սա մեր երկրի անվտանգության համար լուրջ խնդիր է:

Այս գրանտային ֆինանսավորումը սկսվել է տարիներ առաջ՝ դեռ հին իշխանության օրոք: Այն ժամանակ Փիլիպոսյանի և Ավագյանի ֆինանսավորողը ու մտերիմը մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էր:

Այս պահին Աշոտ Փիլիպոսյանին պաշտպանում, իսկ իրենց արժեքների ոչնչացումով անհանգստացած ժողովրդին «պրովոկատորներ» է անվանում մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, իսկ մեկ այլ փոխնախարար՝ Նազենի Ղարիբյանը՝ «գերազգայնական տգետներ»։ Ի՞նչ է սա՝ իրավիճակի թյուրըմբռնում և չինովնիկների անիրավասություն, թե՞ հեղափոխությունից հետո նախարարությունում նշանակված նոր մարդկանց կոռուպցիոն սխեմաների ժառանգում։ Արդյո՞ք շարունակում է գործել պեղումներ իրականացնելու լիցենզիա (բաց թերթիկ) ստանալու համար գրանտային գումարներից «օտկատի» մեխանիզմը:

Փիլիպոսյանին Քարահունջում պեղումների համար գումար է տրամադրել ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, իսկ Մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը (որի անդամ է նաև Փիլիպոսյանը) տվել է թույլատվություն պեղումները իրականացնելու համար։ Ըստ Փիլիպոսյանի, այս տարի Քարահունջի (Զորաց քարերի) պեղումների համար օգտագործվել է 3 միլիոն դրամ։

Եվս մի բան՝ ստացվում է, որ Փիլիպոսյանը, հանդիսանալով այդ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ինքն իրեն տալիս է պեղելու թույլտվություն, ինքը պեղում է, և ինքն էլ գնահատում:

Պարոն Սանասարյան, հուսով եմ, որ Ձեր կողմից ղեկավարվող կազմակերպության հնարավորություններով կկարողանաք ուսումնասիրել Մշակույթի, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարությունների ներքին ֆինանսական հոսքերը ու պարզել նախկին կառավարությունից սկիզբ առնող և, միգուցե, մինչ այժմ կիրառվող այդ հոսքերի բուն աղբյուրները, և կբացահայտեք այս հայադավ գործունեությունը: Անհրաժեշտ է պարզել, թե որ երկրներից և ինչ ազգության մարդիկ են ֆինանսավորում մեր պատմության  խեղաթյուրումը՝ միտված մեր պատմության բնաջնջմանը աշխարհի պատմությունից: Սա շատ կարևոր և գլոբալ հարց է, որը կապված է  հայ ժողովրդի գոյատևման հետ:

Ակնկալում ենք Ձեր արձագանքը, Ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ»: