ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քիմիական գրոհի մեջ և ռմբակոծել հիվանդանոցը

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը երեկ հանդես գալով հայտարարությամբ, Սիրիային և Ռուսաստանին մեղադրել է նոյեմբերի 24-ին Հալեպում քիմիական գրոհ կազմակերպելու մեջ և ռմբակոծել Դեր-էզ-Զոր նահանգի Հաջին բնակավայրի հիվանդանոցը։ Այդ մասին դեկտեմբերի 7-ին հաղորդել է SANA գործակալությունը։

Ըստ պաշտոնական Վաշինգտոնի, ահաբեկիչները քիմիական գրոհ չեն իրականացրել, իսկ արցունքաբեր գազը կիրառել են Սիրիայի կառավարական ուժերը, որոնց սատարում է Ռուսաստանը։

«Երկու երկրները դա որպես հնարավորություն են օգտագործում Իդլիբում հրադադարի ռեժիմի հանդեպ վստահությունը սասանելու համար»,- նշված է Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Նկատի ունենանք, որ ԱՄՆ-ն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել այն դեպքում, երբ Արևմտյան ԶԼՄ-ներն ավելի վաղ խոստովանել են Սիրիայում իրականացված քիմիական գրոհներում ահաբեկիչների մասնակցությունը։

Ինչպես գրել է SANA-ն, երեկ առավոտյան ԱՄՆ-ի կոալիցիան ռմբակոծել է սիրիական հիշյալ նահանգի հիվանդանոցը։ հարվածի հետևանքով զոհվել են 8 մարդ, այդ թվում՝ կանայք և 2 երեխա․ նրանք բոլորը մի ընտանիքի անդամներ են։ Քաղաքի վրա հրթիռային հարվածները շարունակվում են, և բնակիչները ստիպված փախչում են քաղաքից։ Սիրիական աղբյուրների հաղորդման համաձայն, հիվանդանոցն ամբողջությամբ ավերվել է, և այդ պահին դեռ հնարավոր չէ հաշվել տվյալ ոճրագործության զոհերի ու վիրավորների թիվը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, նոյեմբերի 24-ին ահաբեկիչները քլորով լցված արկերով հրետակոծել են Հալեպի մի քանի շրջան։ Հոսպիտալացվել են 107 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։ Նրանք տառապել են շնչահեղձությամբ։ Սիրիական իշխանությունները մեղավոր են անվանել «որոշ» պետությունների», որոնք նման հանցագործությունների բեմականցման համար օգնել և քիմիական նյութեր են մատակարարել զինյալներին։

Երեկ, ինչպես տեղեկացրել է «РИА Новости»-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարությունները Հալեպում քիմգրոհների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարությունը Հալեպի վերաբերյալ Պետքարտուղարության հայտարարությունները համարել է Իդլիբում գործող զինյալներին արդարացնելու փորձ։

«Դա «Սպիտակ սաղավարտների» հետ կապված միջազգային ահաբեկիչներին արդարացնելու փորձ է, և այդ սադրանքով նրանք հարվածի տակ են դնում իրենց արևմտյան հովանավորներին»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունում նաև հիշեցրել են, որ ահաբեկիչների և «Սպիտակ սաղավարտների» համար մեծաքանակ թունավորող նյութերի մատակարարումը համընկել է Սիրիային հարվածելու պատրաստականության մասին Վաշինգտոնի հայտարարությունների հետ։

Ահաբեկիչների կողմից խաղաղ բնակչության դեմ թունավոր նյութերի օգտագործման իրողությունը Սիրիայի և Ռուսաստանի կողմից իբր խեղաթյուրելու մասին Պետքարտուղարության «հիստերիկ հայտարարությունը» Մոսկվայում գնահատում են որպես «օբյեկտիվ հետաքննությանը խանգարելու համար «Քիմիական զենքի արգելման կազմակերպության» վրա կոպիտ ճնշման փորձ»։

Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտում հետախուզական գործողությունների ընթացքում հաջողվել է հայտնաբերել այնպիսի միջոցներ, որոնցով ահաբեկիչները քիմիական հարված են հասցրել Հալեպին։ Ի պատասխան նրանց այդ հանցանքի, ռուսական ինքնաթիռները գրոհել են ահաբեկիչների դիրքերը։

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած իբր հակաիլիպական կոալիցիայի ռազմական ինքնաթիռները բազմիցս ռմբակոծել են Դեյր-էլ-Զոր  նահանգի տարբեր տարածքներ, այդ թվում նաև՝ Հաջին քաղաքը: Սիրիայում ու Իրաքում գտնվող ահաբեկիչների դեմ պայքարելու պատրվակով ձևավորված       հիշյալ կոալիցիան որոշ հարձակումների ժամանակ օգտագործել է ֆոսֆորային ռումբեր:

Սիրիայի իշխանությունները նամակներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին, պահանջել են վերջ տալ Սիրիայում հիշյալ կոալիցիայի ոճրագործություններին: Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած հակաիլիպական կոալիցիայի հարձակումները մոնիտորինգի ենթարկող «Էյրվարզ» դիտորդական խումբը վերջերս հայտարարել է, որ Իրաքում ու Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ավիահարվածների հետեվանքով 2014 թվականից մինչ այժմ զոհվել են ավելի քան 5000 խաղաղ քաղաքացիներ: Միացյալ Նահանգները ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու պատրվակով Սիրիայում ու Իրաքում բազմիցս թիրախ դարձրել խաղաղ քաղաքացիների: