«Կովկասի գերուհու» աստղը պատմել է Գայդայի սեռական նկրտումների մասին

«Կովկասի գերուհի» ֆիլմում ուսանողուհի Նինայի դերով հայտնի դերասանուհի Նատալյա Վառլեյը պատմել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայի սեռական նկրտումների մասին։ Այդ մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Իր ինքնակենսագրական «Լարախաղացը» գրքում դերասանուհին գրել է մի տհաճ միջադեպի մասին, որը տեղի է ունեցել ֆիլմի նկարահանման ժամանակ։ Շուրիկի դերը խաղացած Ալեքսանդր Դեմյանենկոյի ծննդյան օրը նշելուց հետո Գայդայն առաջարկել է Վառլեյին ուղեկցել մինչև հյուրանոց։ Երբ նրանք մոտեցել են իր համարին, ռեժիսորը մտել է սենյակ և փորձել է ներսից փակել դուռը․

«Եվ մենք նստեցինք․ ես՝ աթոռի ծայրին, իսկ Լեոնիդ Իովիչը՝ դիմացս՝ լուսամուտի մոտի բազկաթոռի մեջ։ Իրավիճակն առավել քան անհարմար էր․․․ Ես փորձեցի պաուզան լրացնել՝ ինչ-որ բան պատմելով Սաշայի ծննդյան օրվա ու վաղվա նկարահանումների մասին։

Սենյակ մտավ Գայդայի կինը՝ Նինա Գրեբեշկովան, բայց շուտով նա վերադարձավ իր սենյակը։ Հետո ռեժիսորը կտրուկ փակեց դուռը և փորձեց համբուրել ինձ։

Ես կրկեսի աղջիկ էի, ուժեղ էի, վայրկենական ռեակցիա ունեի, ուստի կարողացա մի վայրկյանում ոչ միայն հետ հրել Գայդային, այլև սենյակից դուրս անել և բանալիով փակել դուռը»։

Դրանից հետո ռեժիսորը Վառլեյին հայտարարել է, որ ֆիլմում նրա դերը ուրիշ դերասանուհի կձայնարկի։