Պատերը խզբզված են, նմուշները՝ կոտրտված․Փարիզում ցուցարարները ջարդուփշուր են արել Հաղթանակի կամարի թանգարանը

Փարիզում «դեղին ժիլետների» ցույցի մասնակիցները ջարդուփշուր են արել Հաղթանակի կամարի թանգարանային սենյակները։

Մոլեգնած ամբոխը մի քանի հուշարձան ու նկար է ոչնչացրել, վնասել Նապոլեոնի արձանը և խզբզել է կամարի պատերը։

Կոթողների ազգային կենտրոնի (ԿԱԿ) նախագահ Ֆիլիպ Բելավալը հայտնել է, որ թանգարանը բոլորի համար փակ կլինի մինչև ցույցերի ավարտը։

Հաղթանակի կամարի թանգարանային սենյակներին հասցված ընդհանուր վնասը գնահատվում է միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ից Փարիզում ցույցեր սկսվեցին վառելիքի գների բարձրացման դեմ։ Ամեն կիրակի ցուցարարները դուրս էին գալիս բարիկադների վրա, մեքենաներ այրում, ճանապարհներ փակում և ցուցափեղկեր ջարդում։ Ընդ որում, ֆրանսիացիները դժգոհ են ոչ միայն գների բարձրացումից, այլ նաև գործող իշխանությունից։ Նախագահ Էմանուել Մակրոնին նրանք կոչ են արել հրաժարական տալ, նաև հայտարարել են, որ «ժողովուրդը զայրացած է», և որ իրենք «կթու կով չեն»։

Նոյեմբերի 24-ին ոստիկանությունը ցույցը ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Մակրոնը պարսավել է ցուցարարներին ոստիկանության հետ ընդհարումների համար։ Նա հայտարարել է, որ փարիզյան անկարգությունները ոչ մի կապ չունեն խաղաղ բողոքի հետ, և խոստացել է, որ մեղավորները դատի կտրվեն։

Այսօր հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի վարչապետը պատրաստվում է մորատորիում հայտարարել վառելիքի հարկի բարձրացման նկատմամբ, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ Ֆրանսիայի իշխանությունները, փաստորեն, հարկադրված լինելով զիջել ցուցարարներին, վառելիքի հարկի աճի նկատմամբ վեցամսյա մորատորիում են հայտարարել։