ԱՀԿ-ը հայտնում է կորոնավիրուսի նահանջի մասին
Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպը նվազում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովենը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սա լավ պահ է` ընդգծելու այն փաստը, որ մի շարք երկրներում մենք տեսնում ենք վարակման դեպքերի թվի նվազում»,- շեշտել է նա:
Փորձագետի խոսքով, դրան հասել են առաջին հերթին այն միջոցների շնորհիվ, որոնք ընդհատում են վիրուսի փոխանցման շղթաները, առաջին հերթին պատվաստումները:
Միևնույն ժամանակ, Կերխովենը հորդորել է այն երկրներին, որոնցում COVID-19 նոր դեպքերի թիվը նվազում է, շարունակեն հետևել սանիտարական միջոցների պահպանմանը:
Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել էր, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստացածների թիվը ավելի մեծ է վարակվածների թվից:
Հեբրեյեսուսը կրկին կոչ է արել այն պետություններին, որոնք արդեն պատվաստել են բնակչության առավել խոցելի հատվածներին և բուժաշխատողներին` մինչև զանգվածային պատվաստումները շարունակելը, պատվաստանյութի ավելցուկը կիսել այլ երկրների հետ: