Նախազգուշացում Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք մեկնում են Ադրբեջանի Հանրապետություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայկական ազգային պատկանելության ուղղակի կամ անուղղակի նշաններ ունեցող անձանց համար կարևոր հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

 «Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պատրվակով, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել այն անձանց մուտքը երկրի տարածք, որոնք հայկական ազգային պատկանելության ուղղակի կամ անուղղակի նշաններ ունեն, անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի են։ Հիմնավորում են դա նրանով, թե անհնար է ապահովել այդպիսի մարդկանց անվտանգությունը։

Ադրբեջանի Հանրապետություն մեկնող ՌԴ քաղաքացիների նկատմամբ էթնիկական հատկանիշով ցուցաբերվող այդօրինակ խտրականության անթույլատրելիության վերաբերյալ ռուսաստանյան կողմի բազմակի դիմումներն անտեսվում են Ադրբեջանի կողմից։

Նկատի առնելով նշյալ հանգամանքները, համառորեն խորհուրդ ենք տալիս ՌԴ քաղաքացիներին դեպի Ադրբեջան ուղևորություններ ծրագրելիս հանգամանորեն կշռադատել հավանական ռիսկերը»։