Քննարկվել են հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևին։ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախարարը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Մանոլևին՝ ներկայացուցչական պաշտոնական և գործարար պատվիրակությամբ Հայաստան ժամանելու համար։

Կողմերն ընդգծել են, որ թե՛ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը, թե՛ դրա շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական կապերի վրա։

Ալեքսանդր Մանոլևի խոսքով՝ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել գործարար համաժողովի արդյունքները՝ հետամուտ լինելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշել է, որ կան տնտեսության մի շարք հեռանկարային ոլորտներ, որոնց ուղղությամբ երկու երկրները կարող են զարգացնել համագործակցությունը՝ դրանք առավել խորությամբ ուսումնասիրելով։

Պաշտոնյաները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխգործակցություն հաստատել Հայաստանի և Բուլղարիայի փոքր և միջին ձեռներեցության զարգացման գործակալությունների միջև՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

Տիգրան Խաչատրյանը և Ալեքսանդր Մանոլևը, որպես համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտ, առանձնացրել են նաև զբոսաշրջության ոլորտը։

Նախարար Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու այն բոլոր գաղափարներին և, ապա, բիզնես ծրագրերին, որոնք կնախաձեռնի երկու երկրների մասնավոր հատվածը։