Սա գոյապահպանության պատերազմ է, և մենք դատապարտված ենք հաղթելու. Սենոր Հասրաթյան

Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արցախի Հանրապետության ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանի գրառումը, որը ներկայացնում ենք ստորև.

«Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից՝ հարավ, արևելքից՝ արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը: Եվ այդպես, գրեթե, ամեն օր:

Սակայն, արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դիվերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը, աստիճանաբար կրախի են մատնվում:

Հայ զինվորն օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը՝ դառնում է ստեղծված իրադրության տերը, ինչն զգացվում է, ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի վնասազերծմանն ուղղված առճակատումներում:

Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով: Այլ ճանապարհ չունենք, սա գոյապահպանության պատերազմ է և մենք դատապարտված ենք ՀԱՂԹԵԼՈՒ»: