Թող ընթերցողներն իրենք որոշեն, թե ներկայիս իշխանավորներն իրականում ովքեր են

Ս. թ. ապրիլի 28-ին Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստում, ինչպես արդեն հայտնի է, որոշում է կայացվել Երևանում, Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրել Մահաթմա Գանդիի հուշարձանը, ավելի ճիշտ, ավագանին 43 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով իր համաձայնությունն է տվել նշված վայրում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը: Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ՀՀ արտաքին գործերի նախարարության ուղղած գրությունը։

«Այդ գրությունով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը: Դրա տեղափոխման, տեղադրման, ինչպես նաև մնացած բոլոր ծախսերն, ըստ գրության, հոգալու է հնդկական կողմը։ Տարածքի տեղադիրքը համաձայնեցված է հնդկական կողմի հետ»,- նշել է ավագանու նիստում օրակարգի տվյալ հարցով զեկուցողը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը:

Ո՞վ էր Մահաթմա Գանդին: Շատերին հավանաբար հայտնի է միայն այն, որ Հնդկաստանը նրա ջանքերով 1947թ. խաղաղ ճանապարհով անկախացել է Մեծ Բրիտանիայից: Մահաթմա Գանդին Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախանալու շարժման գաղափարախոսներից էր և առաջնորդներից ամենահայտնին: Որպես պայքարի միջոց նրա ընտրած խաղաղ ապստամբությունը` պայքարն առանց կրակոցների, տվյալ պատմական իրավիճակում ու միջավայրում ապացուցեց իր արդյունավետությունը: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է որպես ազգային տոն, այն Հնդկաստանի երեք ազգային տոներից մեկն է` Գանդի Ջայանիտին, իսկ աշխարհում այդ օրը նշվում է որպես «Ոչ բռնության» միջազգային օր։

Շատ լավ, բայց, բնականաբար, հարց է առաջանում` այս ամենն ի՞նչ կապ ունի Հայաստանի և Երևանի հետ… Բացարձակապես որևէ կապ չունի: Կարելի է մտածել, որ բարեկամական Հնդկաստանի խնդրանքը չմերժելու համար է Գանդիի արձանը Երևանում տեղադրելու որոշումը կայացվել, տրվել դրա համաձայնությունը: Ինչպես հայտնի է, Հնդկաստանի դեսպանատունը Երևանի քաղաքապետարանին այս տարվա փետրվարին առաջարկել է Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:

Բայց հիշենք նաև մեկ այլ բան` «թավշյա հեղափոխություն» կոչվածից գրեթե անմիջապես հետո ոմանք Փաշինյան Նիկոլին համեմատեցին Մահաթմա Գանդիի հետ, որովհետև նրա առաջնորդած իշխանափոխությունը կամ հեղաշրջումն էլ առանց փողոցներում, խաչմերուկներում, հրապարակներում կրակոցների եղավ, թեև, իհարկե, այն սոսկ պայմանականորեն կարելի է համարել առանց բռնության…

Ներկայումս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ հավանաբար շատ է ոգևորվել վերոնշյալ համեմատությունից ու մինչև հիմա չի մոռացել այդ համեմատությունը, չէ՞ որ իրեն Գանդիի հետ են համեմատել, իսկ Գանդին համաշխարհային դեմք էր ու մինչ օրս համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործչի համարումն ունի: Փաշինյանը գուցե մտքում հույս է փայփայում նաև, թե իրենից հետո իր հուշարձանը կտեղադրվի Երևանում, իր ներկայիս աշխատավայրի դիմաց, Լենինի նախկին արձանի տեղում: Բոլոր դեպքերում, ինքն ինչ-որ առումով ընդօրինակել է Գանդիին և հաջողության հասել: ՀՀ արտգործնախարարության հիշյալ գրության, Երևան քաղաքի ավագանու վերոնշյալ որոշման, Հնդկաստանի դեսպանատան խնդրանքին ընդառաջելու արմատները, թերևս, հենց այստեղ պետք է փնտրել:

Մի խոսքով, Գանդիին կարելի է համարել Փաշինյանի սիրելի ուսուցիչը, բայց աշխարհին հիմնականում որպես հերոս կամ դրական կերպար հայտնի Մահաթմա Գանդին իրականում նաև հակահերոս է, հայերիս համար` առավել ևս, և հենց այստեղ է, որ Փաշինյանի հետ նրա նմանություններն ավելի են ընդգծվում:

Դեմ լինելով Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը, Պատրիկ Նժդեհի Ազատյանը 01.05.2020թ. «ՍիվիլՆեթ» կայքում հրապարակված իր «Չորս պատճառ՝ ինչու Երևանում Գանդիի արձան տեղադրելը լավ գաղափար չէ» հոդվածում գրել է.

«Երիտասարդ տարիքում նա ռասիստական հայտարարություններ է արել, ինչպես նաև պաշտպանել է Հնդկաստանի խտրական կաստայական համակարգը:

Այս օրերին նրա ժառանգությունը վիճելի է, քան երբևէ, նույնիսկ Հնդկաստանում: Գանդին կանանց իրավունքների պաշտպան էր, բայց 70-ականների վերջին նա մերկ ննջում էր իր երիտասարդ զարմուհու հետ: Նա արդարացնում էր այդ արարքը որպես իր կամքի ուժը չափելու և սեքսից զերծ մնալու փորձ (համա թե ինտրիգանն ու մանիպուլացնողն է եղել.- Ա.Հ.):

Այս օրերին շատերի համար դա կհամարվի ընտանիքի անդամի հանդեպ չարաշահում, սեռական ոտնձգություն»:

Նույն հոդվածում հեղինակը «Գանդին և հայերի մարդկային իրավունքները» ենթավերնագրի ներքո գրել է.

«Թե՛ Մահաթմա Գանդին, թե՛ Հնդկաստանի ազգային կոնգրեսը չեն անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: Փոխարենը, Գանդին դեմ է կանգնել «մեծ տերությունների» կողմից Առաջին աշխարհամարտի ավարտին «Թուրքիային պատճառված անարդարություններին»»։

Սակայն սա դեռ ամբողջ ճշմարտությունը չէ Գանդիի վերաբերյալ:

«ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀԱՄԱԿԻՐ, ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱԲ ԱՆՏԱՐԲԵՐ ԿԱՄ, ԱՎԵԼԻ ՃԻՏ, ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՈՒ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՌԱՍԻՍՏ ԳԱՆԴԻԻ ԱՐՁԱՆԸ ԻՆՉՈՒ՞ Է ՏԵՂԱԴՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը:- ՀԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ԱՅՆ, ՈՐՊԵՍ ՌԱՍԻՍՏԻ ԱՐՁԱՆ, ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԻՐ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՑ ԳԱՆԱՅՈՒՄ։ ԳՈՒՑԵ ՄԵՐԺՎԱԾ ԱՅԴ ԱՐՁԱ՞ՆՆ Է ԲԵՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ։

ՎԵՐՋԵՐՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԿԱՄ Ի ՍԿԶԲԱՆԵ ԱՆԱՐԺԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ, ԻՐԵՐԻ ԵՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻԻ․․․ ՄԵՂՄ ԱՍԱԾ»:

Եվս մեկ մեջբերում Հայկազուն Ալվրցյանի ֆեյսբուքյան էջից.

«2019 թվականին Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերականգնելու ճանապարհին հայտվել էր ծանրագույն ռազմաքաղաքական պայմաններում։ Եվ պատահական չէ, որ նա վերհիշեց իր կայսերապետական նկրտումների մեծ համակիր և խրախուսող Գանդիին, ով, առանց ամաչելու և լկտիաբար ցեղասպանությունից մի կերպ փրկված և հայոց մի կտոր հողի վրա պետականությունը վերականգնած մի բուռ հայության փրկության կղզի Հայաստանը ցանկանում էր տեսնել Թուրքիայի կազմում, այսինքն՝ տեսնել հայ ժողովրդի իսպառ ոչնչացումը։ Ահա այդ «մարդասեր, ազատասեր և մեծ ուսուցչի» խոսքերը. « ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ՝ ՎԵՐԱԳՐԱՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։

Եվ Թուրքիան, որ վերջին 100 տարում ապրում է այդ երազով, իր մեծ բարեկամի պատվին հրատարակեց նամականիշ»։

Հիշյալ կենտրոնի տնօրենը գրել է նաև. «Հնդկաստանի հոգևոր հոր հետևյալ խոսքերից կարելի է հասկանալ, թե ինչու առ այսօր այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը»։

«2018թ.Գանայի պետական համալսարանի դասախոսները հանել են Գանդիի արձանը նրան համարելով ռասիստ, քանի որ վերջինս քանիցս բացահայտ վիրավորական խոսքերով է արտահայտվել սեւամորթ ռասսայի հասցեին»,- հիշեցրել է «Ֆեյսբուք»-ի մեկ այլ օգտատեր` Ռաֆիկ Հակոբյանը:

Թերևս կարելի է մտածել, թե ՀՀ ներկայիս իշխանությունները չեն իմացել վերոնշյալի մասին, սակայն, բնականաբար, հարց է առաջանում` երբ անցած օրերին «Ֆեյսբուքում», տարբեր ԶԼՄ-ներում հրապարակվում, տարածվում են Գանդիի ով լինելու մասին այս տեղեկությունները, ՀՀ իշխանությունները, Երևան քաղաքի ավագանին ինչո՞ւ չեղյալ չեն համարում վերոնշյալ որոշումը…

Արթուր Հովհաննիսյան