Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը, որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, Արցախի հայաթափման, թուրքական օրակարգով գործելու կապիտուլյանտների որոշման և ինչու չէ՝ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։
Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝ այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։
Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է և մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝ պաշտպանելով ու շենացնելով այն։
Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երևույթ չէ, այն եղել է միջնադարում և անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։
Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային, իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։
Թուլացանք, երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչև Կիևյան Ռուսիա և Լեհաստան։
Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։
Այսօր էլ Արցախն են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրներ լուծելու լավագույն ճանապարհ չէ։
Ավելին. փախուստ է խնդրից։
Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. մնալ, ապրել, պայքարել Հայրենիքում։
Ապրել ու պայքարել հանուն Հայաստանի և Արցախի։
Թուրքերի ուզածն էլ դա է, որ հայը հիասթափվի ու լքի իր հայրենիքը։
Հեշտ է լինելո՞ւ։
Իհարկե՝ ոչ։
Բայց այլ ճանապարհ չկա։
Պետք է ապրել պետության գահավիժումը կանգնեցնելու, հայրենիքը թուրքերին չհանձնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար։