Ի՞նչն է շահագրգռվածությունը, ի՞նչն է պատճառը․ Արծվիկ Մինասյանը՝ ԱԱԾ արխիվների ոչնչացման մասին

«Սահմանադրության նորմի համաձայն՝ լիազորող նորմը պետք է բավարար հստակությամբ լինի։  Բավարար հստակությունը նաև նշանակում է, թե որ տեղեկատվության մասին է խոսքը, կոնկրետացում։ Այսինքն, օրենքը պետք է  նման դրույթ պարունակի իր մեջ»,- ԱԺ արտահերթ նիստում  «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքերի նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։ Իսկ 2001 թ. օրենքում գրված է. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, եթե այդ ոչնչացումը վերաբերում է ընթացիկ գործունեությանը, տարեկան բյուջեի ծախսերին, ո՞վ է դրանց մասին բան ասում։
Նրա խոսքով, նյութերի ոչնչացման քայլով նաև լուրջ կասկածներ կառաջանա հանրության շրջանում։
«Ի՞նչն է շահագրգռվածությունը, ի՞նչն է պատճառը։ Հարցադրումը շատ պարզ է թե իրավական, թե քաղաքական, թե հանրային ընկալման տեսակետից և կարիք ունի իսկապես լուրջ հիմնավորման։ Եթե անգամ նման իրավունք է վերապահվում, պետք է լուրջ հիմնավորում դրվի տակը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց, որ նույն կառավարության որոշմամբ ամրագրված է, որ 1923, 1946 թվականների անձանց վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացման ենթակա չեն։
«Հիմա հարց է առաջանում. բա եթե կառավարության որոշման մակարդակով նման ձևակերպում ունենք, ինչո՞ւ ենք բերում օրենքով այդ իրավունքը վերապահում ԱԱԾ տնօրենին ենթաօրենսդրական մակադակով։ Իմա՞ստը»,-նշեց Արծվիկ Մինասյանը։