Միացյալ Նահանգները դեմ է Սիրիայում ցանկացած էսկալացիայի. Բլինկենը` Թուրքիայի մասին

Միացյալ Նահանգները դեմ է Սիրիայում ցանկացած էսկալացիայի, դա կխաթարի տարածաշրջանի կայունությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ մեկնաբանելով Սիրիայի տարածքում Թուրքիայի հնարավոր նոր գործողությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք դեմ ենք Սիրիայի հյուսիսում ցանկացած էսկալացիայի»,–ասել է Բլինկենը։

Նա հավելել է` ԱՄՆ-ն զգուշացնում է, որ ցանկացած հարձակողական գործողություն կխաթարի տարածաշրջանային կայունությունը և «չարագործներին հնարավորություն կտա անկայունությունն օգտագործել սեփական շահերի համար»:

«Մեր գործընկերների հետ միասին շարունակում ենք արդյունավետորեն դիմակայել ԻՊ-ին Սիրիայում։ Եվ մենք չենք ցանկանում, որ ինչ-որ բան տեղի ունենա, որը կարող է խաթարել այն ջանքերը, որոնք գործադրվել են ԻՊ-ին զսպելու համար»,–ասել է Բլինկենը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում նոր «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին: